Խոշտարիան՝ մեկուսարաններում հարկադիր մերկացման պրակտիկայի մասին

Էլենե Խոշտարիան բանտից նամակ է հրապարակել, ըստ որի` մտադիր է օգտագործել Վրաստանի վերաբերյալ «Մոսկվայի մեխանիզմ»-ի զեկույցում նախատեսված բոլոր գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր իրեն և շատ ուրիշների մեկուսարաններում ենթարկել են նվաստացուցիչ վերաբերմունքի և հարկադիր մերկացման։

Ազատազրկված քաղաքական գործիչը կոչ է արել նմանօրինակ վերաբերմունքի մյուս զոհերին կապվել «Դրոա» կուսակցության հետ, որի թիմն աշխատում է այս ուղղությամբ՝ նրանց գործերով միջազգային գործընթացներ սկսելու համար։

«Ես մանրամասն ուսումնասիրել եմ «Մոսկվայի մեխանիզմ»-ի զեկույցը. այնտեղ թվարկված են քրեական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումները։

Հետևաբար, որպես ժամանակավոր կալանքի կենտրոնում հարկադիր մերկացման և նվաստացնող վերաբերմունքի զոհ, ես սկսում եմ օգտագործել փաստաթղթում նախատեսված բոլոր մեխանիզմները՝ կապված այս պրակտիկայի հետ։ Բոլորս գիտենք, որ, ինձանից բացի, բազմաթիվ այլ մարդիկ նույնպես ենթարկվել են նմանօրինակ բռնության։ Փաստաթուղթը թույլ է տալիս օգտագործել տարբեր միջազգային մեխանիզմներ և իրավական ընթացակարգեր։

Հիշեցնեմ, որ 2025 թվականին Դիղոմիի կալանքի կենտրոնում ինձ մերկացրին ֆիզիկական բռնության միջոցով։ Սա որակվում է որպես նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունք, որն այս փաստաթղթում առանձին բաժնի թեմա է։

Բնականաբար, իմ խնդիրը ոչ միայն իմ գործի վրա աշխատելն է, այլև այս պրակտիկայի մյուս բոլոր զոհերի։

Ես գիտեմ բոլոր մասնակիցների անունները։ Պատասխանատվության կենթարկվեն և՛ մեղավորները, և՛ որոշում կայացնողները։ Այս գործերով աշխատելու համար նշանակվել է առանձին փաստաբան։

Եթե դուք կալանքի ժամանակավոր կենտրոնում բռնի մերկացման պրակտիկայի զոհ եք և ցանկանում եք, որ ձեր գործը փոխանցվի միջազգային վարույթ, խնդրում ենք կապվել մեզ հետ։ «Դրոա» թիմը ներգրավված է գործընթացում և կկապվի ձեզ հետ», — գրել է Էլենե Խոշտարիան։