Կրկնում է՝ թույլ չի տա «փոքրամասնության բռնություն մեծամասնության նկատմամբ»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկնում է՝ թույլ չի տա երկրում «փոքրամասնության բռնություններ մեծամասնության նկատմամբ»։ Մայիսի 9-ին Վետերանների մշակույթի և հանգստի պուրակում Ղարիբաշվիլին լրագրողներին ասել է, որ ինքը միայն մեծամասնության վարչապետը չէ:

«Մեր երկրի մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, պահպանողական հայացքների, ընտանիքի, այն արժեքների կրող է, որոնց մենք հասել ենք մինչ այժմ, դրանք քրիստոնեական արժեքներ են, ազգային, հայրենասիրական արժեքներ…

Ընդունո՞ւմ եք անսանձ քարոզչությունը, որը կատարվում է որոշ երկրներում։ Նկատի ունեմ՝ սեռափոխությունը: Սա քարոզչություն է, որը թունավորում է մանկապարտեզները, դպրոցները, բուհերը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ի դեպ, մայիսի 4-ին Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել CPAC-ի համաժողովում։ Մոտ 20 րոպե տևողությամբ իր ելույթում կառավարության նախագահը խոսել է տարբեր հարցերի մասին, մի շարք հոմոֆոբ հայտարարություններ է արել։ Նրա ելույթի հիմնական շեշտադրումներն էին «ավանդական արժեքների պահպանումը» և «մեծամասնության նկատմամբ փոքրամասնության կողմից բռնության անթույլատրելիությունը»:

Վարչապետի խոսքով՝ մինչ Վրաստանի մեծամասնությունը համամիտ է ավանդական արժեքներին, այն ուժերը, որոնք դեմ են այդ արժեքներին՝ «ԼԳԲՏ քարոզչություն են իրականացնում», որը, նրա կարծիքով, ի վերջո նպատակ ունի ժողովրդին ավելի հեշտ կառավարելու։

Ըստ Ղարիբաշվիլիի՝ վտանգ են ներկայացնում «նրանք, ովքեր առանց հավատի և արժեքների, ագրեսիվ ցինիզմով, հաճախ ժողովրդավարության, կրոնի և ազատության անվան տակ` դեմ են արտահայտվում ազատությանը և ճշմարտությանը»։

Իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն. փորձագետներ