Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զբոսաշրջիկները ջուր են լցրել Կախեթիում ընթացող հարսանիքի հյուրերի վրա, հայհոյել են նրանց ու սպառնացել։
Նախարարությունը չի հստակեցրել, թե որ երկրի քաղաքացիներ են զբոսաշրջիկները, սակայն, ըստ տեղեկությունների, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են։
«Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի։
Վկաների ցուցմունքների համաձայն՝ Թելավիի հյուրանոցներից մեկում հարսանեկան արարողության ժամանակ հյուրանոցում հանգստացող օտարերկրյա քաղաքացիները վիրավորել են հարսանիքի մասնակիցներին և ջուր լցրել տեխնիկայի վրա, ինչից հետո հյուրերից մեկը ֆիզիկական վնասվածք է պատճառել օտարերկրացի կնոջը։
Տուժածը համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է կլինիկա։
Իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հանցանք կատարած անձը ձերբակալված է։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։