Վերջին շրջանում Վրաստանում հեղուկ գազի կտրուկ թանկացումը դարձել է հանրային ու տնտեսական ակտիվ քննարկումների գլխավոր թեմաներից մեկը։ Վարորդների և սպառողների շրջանում դժգոհությունների նոր ալիք է բարձրացել, քանի որ այլընտրանքային ու մատչելի համարվող այս վառելիքի գինը օրեցօր մոտենում է բենզինի սակագներին։ Թեև սպառողները փորձում են հասկանալ թանկացման իրական պատճառները, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնդիրը կապված է ինչպես ներկրման գների կտրուկ աճի, այնպես էլ ներմուծման ծավալների աննախադեպ ավելացման հետ։ Ավելին, իրավիճակն էլ ավելի անորոշ է դառնում մատակարար երկրների ցանկի գաղտնիացման ֆոնին։
Վրաստանի հեղուկ գազի ներմուծումը թանկացել է գրեթե 40%-ով։ Եթե 2025 թվականի հունվար-մայիսին մեկ լիտր վառելիքի ներմուծումը (առանց հարկերի) միջինում արժենում էր 0.37 դոլար, ապա այս տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 0.50 դոլար։ Դրա հետ մեկտեղ, 81.5%-ով աճել է նաև ներմուծման ծավալը։
Ավելի կոնկրետ՝ 2026 թվականի հունվար-մայիսին Վրաստանը գնել է 22,705 տոննա հեղուկացված պրոպան՝ ընդհանուր 11.434 միլիոն դոլար արժողությամբ, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալը կազմել էր 12,506 տոննա (4.550 միլիոն դոլար)։ Հատկանշական է, որ այս տարվա տվյալները ռեկորդային ցուցանիշ են 2009 թվականից ի վեր։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության արտաքին առևտրի պորտալում հեղուկացված պրոպանի ներմուծման վերաբերյալ տվյալները հասանելի են հենց 2009 թվականից։
Ներմուծման թանկացմանը զուգահեռ աճել է նաև մանրածախ գինը։ Եթե մեկ ամիս առաջ բրենդային լցակայաններում մեկ լիտր հեղուկ գազի արժեքը առավելագույնը 1.5 լարի էր, ապա այսօր դրա արժեքը տատանվում է 1.55-ից մինչև 1.70 լարիի սահմաններում։
Ներկրող երկրների ցանկն, ի դեպ, անհայտ է։ Ինչպես «Բիզնեսպրեսնյուզ»-ին հայտնել են վիճակագրական ծառայությունից, տեղեկությունն այն մասին, թե որ երկրից է հեղուկացված պրոպանը մուտք գործում երկիր, կոնֆիդենցիալ է։ Այնինչ երկու ամիս առաջ նշված տվյալները բաց էին, և ցանկացած հետաքրքրված անձ կարող էր տեսնել ներկրող երկրների ցանկը։ «Բիզնեսպրեսնյուզ»-ը, հիմնվելով հունվար-փետրվար ամիսների ներմուծման տվյալների վրա, գրել էր, որ այդ ժամանակահատվածում հեղուկ գազի գրեթե 100%-ը ներկրվել էր Ռուսաստանից, իսկ չնչին ծավալով՝ մոտավորապես 300 դոլար արժողությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններից։
Նաև վարկածներ կան, որ Թբիլիսիում հեղուկ գազը հնարավոր է թանկանա մինչև 1.8 լարի։ Նման հավանականության մասին «Սաքմիան դիլա» («Գործնական առավոտ») հաղորդման եթերում հայտարարել է Հեղուկ գազ ներմուծողների և իրացնողների ասոցիացիայի նախագահ Նարիման Փիցխելիանին։
Ասոցիացիայի նախագահն ուշադրություն է հրավիրել հեղուկ գազի աճող սակագներին և նշել, որ գնի բարձրացումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Միջազգային շուկայում գներն ավելացնում են Իրանի հակամարտությունն ու ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ ներքին շուկայում, նրա խոսքով, գնագոյացման վրա բացասաբար են անդրադառնում Թբիլիսիի քաղաքապետարանի սահմանած տուգանքները։
«Քաղաքապետարանի տուգանքների պատճառով ստիպված ենք առանձին իրավաբանների ներգրավել, ինչը հավելյալ ծախս է և վերջնարդյունքում արտացոլվում է հավելագնի մեջ։ Մյուս կողմից, Իրանի հակամարտությունն ու ռուս-ուկրաինական պատերազմը բարձրացնում են բորսայական գները, իսկ թանկացումը ցանկացած դեպքում ազդում է նաև մեր իրականության վրա։ Այսօրվա դրությամբ Թբիլիսիում գինը տատանվում է 1 լարի 70 թեթրիի սահմաններում։ Նախորդ օրերին շրջաններում էի, և լցակայաններում գինն արդեն 1 լարի 75 թեթրի էր։ Կանխատեսում ենք, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջը Թբիլիսիում գինը կարող է հասնել նույնիսկ 1 լարի 80 թեթրիի»,- ասել է Փիցխելիանին։
Այս ֆոնին Ղազախստանը դիտարկվում է որպես այլընտրանքային շուկաներից մեկը, որտեղից Վրաստանը հնարավոր է հեղուկ գազ ներկրի։ Նարիման Փիցխելիանիի պարզաբանմամբ՝ տարիներ շարունակ պատժամիջոցների պատճառով Իրանից հեղուկ գազի ներկրումը չի հաջողվում, ինչի հետևանքով վրացական շուկայի հիմնական մատակարարը գրեթե 99%-ով Ռուսաստանն է։ Ոլորտը ցանկություն ունի ներմուծումն իրականացնելու այլընտրանքային աղբյուրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Ղազախստանից և Թուրքմենստանից, սակայն որոշակի տեխնիկական խոչընդոտների պատճառով չի կարողանում։
«Մենք ցանկանում ենք ապրանքը ներկրել նաև այլ երկրներից՝ լինի Ադրբեջանը, Ղազախստանը, թե Թուրքմենստանը, բայց կան որոշակի պարամետրեր, կարգավորումներ և որակական ցուցանիշներ, որոնց համապատասխան էլ պետք է տեղի ունենան այս արտադրանքի ներմուծումը, տեղաբաշխումն ու իրացումը Վրաստանում։
Օրինակ, Ադրբեջանն արտադրում է հեղուկ գազ, բայց միայն կենցաղային նպատակներով։ Ավտոմեքենաների լիցքավորման նպատակով դա չենք կարող օգտագործել, քանի որ պատշաճ զտում չի անցել, պարունակում է խառնուրդներ և այլն։ Այո, աշխատում է, բայց որոշակի խնդիրներ է առաջացնում։ Իսկ Ղազախստանն արտահանման սեփական սահմանափակումներն ունի, սակայն հույս ունենք, քանի որ երկու շաբաթ առաջ Վրաստանից պատվիրակություն էր մեկնել Ղազախստան՝ առևտրային հարաբերությունների զարգացման նպատակով։ Հետևաբար, սպասվում է, որ այս արտադրանքի ներկրման ևս մեկ այլընտրանքային ուղի կավելանա»,- ասել է Փիցխելիանին։
Հատկանշական է նաև, ոդ Վրաստանը 2025 թվականին Ռուսաստանից բնական գազի ռեկորդային ծավալ է գնել։ Սրա մասին նշված է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի վերջին զեկույցում։ Փաստաթղթի համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում երկիրը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 886 միլիոն խորանարդ մետր բնական գազ։
Զեկույցից պարզ է դառնում, որ վերջին հինգ տարում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալը զգալիորեն աճել է։ Կազմակերպությունից նշել են, որ դրա պատճառներից մեկը երկրում բնական գազի նկատմամբ մեծացած պահանջարկն է։ Կարգավորողի պարզաբանմամբ՝ ադրբեջանական գազի ստացման հնարավորությունների սահմանափակման ֆոնին լրացուցիչ ռեսուրսների հայթայթումն այլ ուղղություններով անհրաժեշտություն է դարձել։
Միաժամանակ, Ադրբեջանից գազի ներմուծումը նվազել է։ Եթե 2021 թվականին Վրաստանը Ադրբեջանից գնել էր 1 միլիարդ 132 միլիոն խորանարդ մետր բնական գազ, ապա 2025 թվականին այս ցուցանիշն իջել է մինչև 666 միլիոն խորանարդ մետրի։
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը մնում է Վրաստանի բնական գազի գլխավոր մատակարարը, տնտեսագետներն ուշադրություն են հրավիրում ռուսական գազի մասնաբաժնի աճին։ Նրանց գնահատմամբ՝ այս միտումը հավելյալ հարցեր է առաջացնում հատկապես այն ֆոնին, երբ ադրբեջանական գազը, որպես կանոն, դիտարկվում է ավելի էժան և նվազ ռիսկային այլընտրանք։