Դերասան Բեքա Բեդիանաշվիլիին արգելել են մուտք գործել Վրաստան

Գերմանիայում բնակվող դերասան Բեքա Բեդիանաշվիլիի հայտարարությամբ՝ իրեն չեն թույլատրել մուտք գործել Վրաստան, իսկ պատճառն իր «քաղաքական ակտիվությունն է»։

«Ահա թե ինչ տեսք ունի, երբ քեզ չեն թողնում մտնել այն երկիրը, որտեղ ծնվել ես։ Հիմա ես հետևում եմ ոստիկանին, որը պետք է ինձ հետ՝ ինքնաթիռ նստեցնի, որ թռչեմ Բեռլին, այլ ոչ թե Քյոլն, որտեղ ապրում եմ, որովհետև այստեղ Բեռլինից եմ եկել։ Մուտքն արգելելու հիմքը, սկզբունքորեն, բավականին պարզ է, և դա իմ քաղաքական ակտիվությունն է։ Անցյալ տարի ես հյուր էի վերջին դեռևս պահպանված ընդդիմադիր հեռուստահաղորդմանը և այնտեղ ասացի այն, ինչ մտածում էի»,- Facebook-ում Թբիլիսիի օդանավակայանից հրապարակված տեսանյութում ասել է Բեդիանաշվիլին։

2025 թվականի օգոստոսի 2-ին Բեդիանաշվիլին հարցազրույց էր տվել «TV Pirveli»-ին, իսկ սոցիալական ցանցում գրել էր․ «Անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանը շուտով կվերադառնա ժողովրդավարական և եվրոպական ուղուն»։

Բեդիանաշվիլիի խոսքով՝ Թբիլիսիի օդանավակայանում սկզբում իրեն ասել են, որ 1000 լարիի չափով տուգանք ունի վճարելու, «իսկ հետո եկավ երկրորդ սահմանապահը ու ասաց, որ տուգանքը 5000 լարի է»։