Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պնդում է, որ պատահաբար է հայտնվել վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող ռուսալեզու ճանապարհորդական բլոգում։ Տարածվող կադրերում երևում է, որ հյուրանոցի ճեմասրահում նստած Թբիլիսիի քաղաքապետին ռուս բլոգերները նկարահանում են երկու տեսախցիկով, և ըստ տեսանյութի` ինքը ռուսներին հրավիրում է Վրաստան։
«Ունենք համեղ խոհանոց և լավ գինի», — ասում է «Վրացական երազանք»-ի առաջնորդը և պատմում վրացական ճաշատեսակների ու դրանց կալորիականության մասին։
Ռուս բլոգերը նշել է, որ Վրաստանում հյուրերին ջերմությամբ են վերաբերվում, և հարցրել է, թե իր համար ի՞նչ է նշանակում վրացական հյուրընկալությունը։
«Վրացու համար հյուրն Աստծուց է ուղարկված, դրա համար էլ միշտ ուրախանում ենք, երբ տարբեր երկրներից հյուրեր են գալիս։ Եթե նայեք վիճակագրությունը, Վրաստան ժամանողների թիվն օրեցօր աճում է։ Ես էլ շատ ուրախ եմ, որ զբոսաշրջիկներին դուր է գալիս, թե ինչպիսի վերաբերմունք ունենք իրենց նկատմամբ։ Մենք ունենք գինի, շատ համեղ վրացական խոհանոց, այնպես որ եկեք, մենք միշտ ուրախ կլինենք»։
Կալաձեի խոսքով՝ ինքը սուրճ վերցնելու համար մտել է ներս և պատահաբար է հանդիպել բլոգերներին։
«Չգիտեմ՝ կոնկրետ այս անձնավորությունը բլոգեր է, թե լրագրող։ Մի քանի օր առաջ համայնքային աշխատանքներով էի զբաղված։ Հետո սրճարաններից մեկը մտա սուրճ գնելու։ Բացարձակապես պատահաբար հանդիպեցի այд տիկնոջը։ Ինձ ասաց, որ Թբիլիսիի մասին ռեպորտաժ է պատրաստում և հարցեր տվեց։ Դրանում խնդիր չեմ տեսնում։ Ես հիմա էլ կասեմ, որ բոլորը, ովքեր ցանկություն ունեն այցելելու մեր երկիր, ցանկացած ժամանակ կարող են գալ՝ անկախ իրենց ծագումից։ Ռուս կլինի, ուկրաինացի, իտալացի, ամերիկացի թե այլ երկրի ներկայացուցիչ, բոլորը կարող են գալ և հաճելի օրեր անցկացնել։ Նրանք փող կծախսեն, սա կօգնի մեր տնտեսությանը և այն մարդկանց, ովքեր գործունեություն են ծավալում տուրիզմի ոլորտում», — հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։
Լրագրողների հարցին, թե ինչու է հարցազրույցում բլոգերի հետ խոսում միայն վրացական խոհանոցի և ոչ թե այլ տեսարժան վայրերի մասին, Կախա Կալաձեն պատասխանել է.
«Հարցը վերաբերում էր հյուրընկալությանը, և ես էլ պատասխանեցի։ Անշուշտ, ավանդական ուտեստներից բացի, մենք շատ տեսարժան վայրեր ունենք։ Հենց դրա համար է մեր երկիրը հետաքրքիր, և դրա համար էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերը հետաքրքրված են։ Այդ թվում՝ մեր խոհանոցն ու վրացական գինին մեծ ժողովրդականություն են վայելում, քանի որ դա մեր մշակույթի, սովորույթների մասն է»։
Այս թեման բուռն արձագանքների և քննարկումների կենտրոնում է հայտնվել։
Ընդդիմության ներկայացուցիչներն ու փորձագետները տեղի ունեցածը դիտարկում են քաղաքական ենթատեքստում։
Ընդդիմադիր դաշտի ու վերլուծաբանների համոզմամբ՝ տեղի ունեցածը Ռուսաստանին ուղղված հերթական ազդակն էր, որ Վրաստանը շարունակում է մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար անվտանգ ու հյուրընկալ երկիր։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ նաև «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի նախկին հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլին.
«Սա ռուսական հերթական ուղերձն էր այն մասին, որ Վրաստանն անվտանգ է ռուս զբոսաշրջիկների համար, և նրանք կարող են գալ Վրաստան։ Արտաքին քաղաքական վեկտորը, միևնույն է, ռուսական է, և Կալաձեի ու «Երազանքի» նպատակն էր ռուս զբոսաշրջիկներին մեսիջ ուղարկել, որ գան և ինչ ուզում են՝ անեն»։
«Ժողովրդի համար» կուսակցության նախագահ Անա Դոլիձեի խոսքով՝ ռուս բլոգերի հետ հարցազրույցի վերաբերյալ Կալաձեի պարզաբանումն ավելի է սրում իրավիճակը․ «Նրան թվում է, թե մեղմացնում է, այնինչ ավելի է վատթարացնում»։
«Այսինքն՝ իշխող կուսակցության գլխավոր քարտուղարն օկուպանտ պետության լրագրողի հետ զրուցելու է նստում իրենց լեզվով՝ առանց անգամ պատկերացում ունենալու, թե ում հետ գործ ունի։ Իսկ եթե դա Պուտինի դուստրերից մեկն էր կամ Լավրովի՞։ Կամ եթե այնպիսի հարց տար, որը միջազգային սկանդալ առաջացներ, օրինակ՝ Աբխազիայի ճանաչման վերաբերյալ, ու նրան պետք լիներ պաշտոնանկ անել, կամ այնպես մոնտաժեր նրա ասածը, որ Աստված գիտի՝ ինչ մեծ սկանդալ կարող էր ծագել․․․
Իսկ նրա հանրային կապերի (PR) 34 աշխատակիցները՝ ամսական միլիոնանոց բյուջեով, ի՞նչ էին անում այդ ընթացքում։ Նրա համա՞ր չեն, որ այս մարդը, որն այս պահին երկիրն է ներկայացնում օկուպանտ պետության առջև, այսպես անպաշտպան ու մենակ չշրջի», — նշել է Դոլիձեն։
Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությանն արձագանքել է նաև լրագրող Թամար Կեշելավան։
Լրագրողի խոսքով՝ Կալաձեի այն պնդումը, թե ռուս բլոգերին հանդիպել է պատահաբար՝ սուրճ վերցնելու ընթացքում, լիովին անհավատալի է․ «Իսկ ո՞վ է տեսել Կալաձեին պատահականորեն՝ սուրճի սպասելիս, այն էլ առանց անվտանգության աշխատակիցների»։
«Մարդիկ ամիսներով հանդիպում են խնդրում քաղաքապետի հետ, այդ թվում՝ քաղաքապետարանի էջին գրելով, բայց՝ ապարդյուն։ Այդ ո՞ր սրճարանի մոտ պետք է կանգնեն քաղաքացիները, որ կարողանան խոսել նրա հետ։
Հարցազրույց է տվել ու ասում է, թե պետք է գաք Վրաստան, որովհետև լավ գինի ու լավ ուտելիք ունենք։ Ինչո՞ւ են «քոցերը» (իշխող կուսակցությունը) հիշում միայն ուտելը՝ ուտելուց առաջ, ուտելու ընթացքում և ուտելուց հետո։ Ուտելուց բացի, ուրիշ բան ինչո՞ւ չգիտեն։ Իսկի ուտելն էլ չգիտեն։ Ասում է՝ վրացական ուտեստներից գիրանում ես։ Հա, այսինքն` այս ժողովուրդը խինկալիից է գիրանում, այլ ոչ թե նրանից, որ ամեն օր ստիպված մեծ քանակությամբ հաց ու մակարոն է ուտում, որովհետև անգամ պանիրն է քիչ, ու ինչ-որ կերպ պետք է կշտանալ», — գրել է Թամար Կեշելավան
«Ընդդիմադիր դաշինք»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի խոսքով՝ այն, ինչ խոսվում է վերջին շրջանում, այլ բան չէ, քան պետական մակարդակով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ծանուցում։
«Սկզբում կսկսվի պաշտոնական մշակութային միջոցառումներով, հետո կհաջորդեն սպորտը, «գործարարների խմբերը» և նմանատիպ այլ բաներ։ Վերջում կլինի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և Եվրամիության հետ հարաբերություններից պաշտոնական հրաժարումը (2024 թվականի նոյեմբերի 28-ի հայտարարության նման ձևաչափով)։ Կոբախիձեի և Կալաձեի օգոստոսի 8-ի հայտարարությունները, բնականաբար, սրա նախերգանքն են։ Եվ հենց սա է այն «հակառուսաֆոբական» արշավի բանալին, որը մի քանի օր առաջ առաջին հայացքից անհասկանալիորեն ու անբացատրելիորեն սկսեցին «քոցերը» (իշխող կուսակցությունը)։
Կենտրոնանանք գլխավորի վրա․ մոտենում են ամենածանր իրադարձությունները, և պաշտպանության կարիք ունի Հայրենիքը», — նշել է Գվարամիան։