Նոր կանոններ էլեկտրական ինքնագլորների համար

Վրաստանի կառավարությունը պլանավորում է կարգավորել անչափահասների երկանիվ էլեկտրական ինքնագլորների (էլեկտրական սկուտեր) օգտագործումը` ըստ 2026 թվականի Խորհրդարանի աշնանային նստաշրջանին Կառավարության ներկայացվելիք օրինագծերի ցանկի։ Փաստաթղթի համաձայն՝ փոփոխություն պետք է ներառվի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում։

Նոր նախաձեռնության մանրամասներն առայժմ անհայտ են, սակայն կարճ պարզաբանման համաձայն՝ փոփոխությունը հիմնականում կվերաբերի անչափահասներին և նրանց համար կսահմանի կոնկրետ կարգավորումներ, թեև պարզաբանման մեջ նախատեսվող կարգավորման ճշգրիտ պատկերը ներկայացված չէ։

«Վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ երկանիվ էլեկտրական ինքնագլորների ակտիվ կիրառումը ի հայտ է բերել դրանց անվտանգ օգտագործման և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հետ կապված խնդիրներ։ Հատուկ ուշադրություն է պահանջում անչափահասների օգտագործած տրանսպորտային միջոցների կիրարկման հարցը, ինչն էլ պայմանավորում է գործող իրավական կարգավորման հետագա բարելավման անհրաժեշտությունը։

Օրենսդրական փաթեթը նպատակ ունի նվազեցնելու երկանիվ էլեկտրական ինքնագլորների օգտագործման հետ կապված ռիսկերը, պաշտպանելու ճանապարհային երթևեկության մասնակիցներին և բարելավելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը»,- ասված է պարզաբանման մեջ։

2025 թվականից ՆԳՆ-ն սկսել է հաշվառել սկուտերների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը։ Անցյալ տարի գրանցվել է ընդհանուր առմամբ 106 դեպք, որոնց հետևանքով վիրավորվել է 109 մարդ, իսկ 1 մարդ զոհվել է։ 2026 թվականի հունվար-հունիսի վիճակագրության համաձայն՝ սկուտերի մասնակցությամբ գրանցվել է 28 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով վիրավորվել է 33 մարդ, զոհվել` 2-ը։