Վրաստանի էթնիկ հայ և ադրբեջանցի քաղաքացիներն առանձնացել են հայտնի հեռուստաշոուում

Վրաստանի էթնիկ հայ և ադրբեջանցի քաղակտիվիստները Formula հեռուստաընկերության «Միսիա» նախագծում բարձրաձայնելով երկրի կարևոր խնդիրները, տպավորիչ արդյունք են գրանցել:

Մառնեուլիից Վրաստանի ռեֆորմների ասոցիացիայի վերլուծաբան, էթնիկ ադրբեջանցի Ռաշան Զիադալիևը առանձնացրել է ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման բարեփոխումները, Բոջոմիի շրջանից «Արդար ընտրություններ և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ՀԿ-ի համակարգող էթնիկ հայ Գիորգի Օգանեսյանը՝ կրթական ոլորտի առաջ ծառացած խնդիրները:

Զիադալիևը, ով մայիսի 1-ին դարձավ «Միսիա» նախագծի շաբաթվա հաղթող՝ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ընդհանուր առմամբ, Վրաստանում շատ խնդիրներ կան՝ սկսած խմելու ջրից, վերջացրած դատական ​​համակարգի խնդիրներով։

Նախագծում իմ առաջին թեման ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման բարեփոխումներն էին: Կարծում եմ, որ այսօր Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա բացասաբար է ազդում ապակենտրոնացված ինքնակառավարումը, որտեղ ինքնակառավարումը չունի բավարար ֆինանսներ, լիազորություններ և մունիցիպալ սեփականություն՝ զարգացնելու և հզորացնելու մեր գյուղերն ու քաղաքները»,- ասում է Զիադալիևը:

Երիտասարդ քաղակտիվիստի խոսքով՝ նախագծի շրջանակներում առայժմ դեռ ուղիներ են փնտրում լուծելու առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են Վրաստանի զարգացմանը.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին և աջակցել, իմ հիմնական նպատակը այս նախագծում հաղթելն է, բայց նաև կարևոր է, որ 12 մասնակիցներով խոսենք քաղաքացիների հետ մեր երկրի զարգացմանը խոչընդոտող կարևոր հարցերի մասին»:

Գիորգի Օգանեսյանը նախագծի շրջանակներում վերհանել է դիմորդների խնդիրները:

«Առաջին թեման, որ ներկայացրել եմ նախագծի շրջանակներում դիմորդներին է վերաբերում, երբ նրանք դժվարանում են ընտրել մասնագիտությունը, ինչպես նաև համալսարանը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Օգանեսյանը:

Նա նաև հավելում է, որ եթե կարողանա շարունակել նախագծում մասնակցությունը, ապա կներկայացնի նաև տեղական խնդիրները, այդ թվում մունիցիպալ.

«Դա կլինի ադմինիստրացիոն ռեսուրսի անարդյունավետ օգտագործումը. Բորջոմիի գործարանի, ինչպես նաև այլ խնդիրների մասին կխոսեմ, որոնք մեզնից յուրաքանչյուրին անհանգստացնում են»:

Օգանեսյանը նշում է, որ նախագծի մասնակիցներից շատերին ծանոթ է, նրանց հետ հաճախ է քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Նշենք, որ մասնակիցները նախագծի շրջանակներում առանձնացնում են Վրաստանում առկա կարևոր խնդիրները՝ ներկայացնելով դրանցից դուրս գալու ելքը։ Առաջին ելույթից հետո մեկնարկել էր քվեարկության շաբաթը, ինչի արդյունքում պետք է պարզ դառնար, թե ով է լքում նախագիծը և ով է ճանաչվում հաղթող:

24 երիտասարդներից այս մրցույթում ընտրվել են 12 ապագա առաջնորդներ։ Ծրագրում ընդգրկված երիտասարդներն ամեն շաբաթ ժյուրիին են ներկայացնում Վրաստանում տարբեր խնդիրների լուծման ուղիները։ Յուրաքանչյուր շաբաթ հանդիսատեսից ամենաշատ ձայները ստացած մասնակիցը դառնում է շաբաթվա հաղթողը: Երկու մասնակից, ովքեր ամենաքիչ ձայներն են հավաքում՝ լինում են «աութսայդերների» կազմում, և ժյուրին է ընտրում, թե ում թողնի շոուում: