Քննադատում են շնորհավորական բացիկի վրա պատկերված խորհրդային դրոշի համար

Վրաստանի խորհրդարանին քննադատում են Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա առթիվ պատրաստված շնորհավորական բացիկի համար։

Խորհրդարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված շնորհավորական բացիկում օգտագործվել է Ռայխստագի վրա խորհրդային դրոշի տեղադրման լուսանկարը։ Շնորհավորական գրառման մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը քննադատում են խորհրդարանին խորհրդային դրոշն օգտագործելու համար։

Բանն այն է, որ Վրաստանի օրենքն արգելում է տոտալիտար խորհրդանիշների օգտագործումը։ Մասնավորապես, «Ազատության խարտիայի» համաձայն, որը հաստատել է Վրաստանի խորհրդարանը, հանրային կառույցներին արգելվում է հասարակական վայրերում օգտագործել կոմունիստական ​​տոտալիտար խորհրդանիշներ, այդ թվում՝ դրոշներ։

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին արձագանքել է խորհրդարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված շնորհավորական բացիկին:

«Խորհրդարանի պաշտոնական էջը շնորհավորում է մեզ մայիսի 9-ի կապակցությամբ խորհրդային դրոշով. սկզբունքորեն դա ճիշտ ընտրություն է ռասիստական ​​մեծամասնության համար»,- գրել է Սամադաշվիլին: