Եթե ինչ-որ մեկը խորամանկություն է անում՝դա Ռուսաստանն է. Աբաշիձե

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով` Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի քննադատությանը: Մասնավորապես Աբաշիձեն անդրադարձել է  “Коммерсант” թերթում հրապարակված Կարասինի հայտարարությանը առ այն, թե Վրաստանը կեղծ սպասելիքներ ունի Պրահայում պարբերաբար տեղի ունեցող միակ բանակցային ձևաչափից:

«Թբիլիսիում սիրում են ասել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ նրանք առաջին հերթին հույս են ունեցել, որ Ռուսաստանը կհրաժարվի Աբխազիայի և Հաւրավային Օսիայի անկախության ճանաչումից: Հիմա էլ ասում են, թե խաբվել են իրենց սպասելիքներում: Սա ակնհայտ խորամանկություն է»,- հայտարարել է Կարասինը:

Անդրադառնալով Կարասինի հայտարարությանը՝ Աբաշիձեն նշել է.

«Եթե ինչ-որ մեկը խորամանկություն է անում, ապա դա Ռուսաստանն է:  Մոսկվայում լավ գիտեն, որ հակամարտությունը 2008 թվականին չի սկսվել: Նրանք քաջ գիտակցում են նաև, թե` ով, և ինչպես է նպաստել հակամարտության էսկալացիային: Այս հարցում մենք ունենք միջազգային հանրության ակնհայտ աջակցությունը»:

Աբաշիձեի խոսքերով, վրացական կողմը միշտ և հստակ ասել է, որ չի հաշտվի իր շրջանների  օկուպացիայի հետ.

«Վրաստանը միշտ պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, սակայն երբեք չի հաշտվի տարածքային ամբողջականության խախտման հետ»,- ասել է Աբաշիձեն:

Թողնել պատասխան