Կանգնած ուղեւորներ տեղափոխող երթուղայինների վարորդները կտուգանվեն 100 լարիով

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ պետք է խստորեն հետեւել կանգնած ուղեւորներ տեղափոխող օրինազանց երթուղային տաքսիներին։

Վրաստանի վարչական օրինախախտումների մասին օրենսգրքի համաձայն, երթուղային տաքսիներում կանգնած ուղևորներ տեղափոխելու դեպքում վարորդը տուգանվում է 100 լարիի չափով (մոտ 40.8 ԱՄՆ դոլար)։

«Կարծում եմ, որ պետք է խիստ լինենք այս հարցում: Սա, ի վերջո, արվում է ուղեւորների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կալաձեն:

Քաղաքապետը մեկնաբանել է նաև պետական աուդիտի հաշվետվությունը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքային տրանսպորտին: Ինչպես պարզվել է, քաղաքի հին տիպի ավտոբուսների 68 տոկոսը չեն անցել տեխզննում: Բողոք կա նաեւ երթուղային տաքսիների վերաբերյալ: Հաշվետվության համաձայն, 2017-ին վարորդների 48 տոկոսը երթուղային տաքսիների տեխզննում չեն իրականացրել:

Կալաձեի խոսքով, նման տրանսպորտն աղտոտում է քաղաքը, ստեղծում է լուրջ վտանգ շրջակա միջավայրի համար, ուստի հարկավոր է դրանք փոխարինել ժամանակակից ավտոբուսներով։

Վրաստանի պետական աուդիտի համաձայն, Թբիլիսիում 2024 երթուղային տաքսի կա, որոնցից 822-ը 2017-ին չեն անցել տեխզննումը: Իսկ տեխզննումն անցած 1182 երթուղային տաքսիներից ընդամենը 7-ը չեն համապատասխանել ընդունելի նորմերին:

Թողնել պատասխան