Էլեկտրամոբիլ և հիբրիդ տաքսիների գրանցման համար արտոնություններ են սահմանվել

Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող տաքսիների գրանցման հետ կապված նոր հայտարարություն է արել. Հիբրիդ և էլեկտրամոբիլ վարող տաքսիստները գրանցման ժամանակ առավելություններից կօգտվեն: 

Այս մասին Իմեդի հեռուստաընկերության եթերում ասել է փոխքաղաքապետ Մայա Բիտաձեն: Մասնավորապես՝ Էլեկտրամոբիլների գրանցումը կլինի անվճար, իսկ հիբրիդային ավտոմեքենաների վարորդները կվճարեն գրանցման գումարի 50%-ը:

Տաքսի ծառայության գրանցման մասին խոսվում է դեռ հունվարից:  Քաղաքապետարանից ասել են, որ գրանցման համար նախատեսված գումարը լինելու է միանվագ և նվազագույն: Այժմ աշխատանք է տարվում, որպեսզի վարորդները գրանցման գործընթացն առցանց անցնելու հնարավորություն ունենան:

Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանական բյուրոն վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխություններն է գրանցել, ըստ որոնց՝ առանց գրանցման իրավունքի  ուղևորափոխադրմամբ զբաղվող տաքսիների վարորդները 200 լարի տուգանք կվճարեն:

Նյութի աղբյուր՝ sputnik-georgia

Թողնել պատասխան