Ընդդիմադիրները ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը Վրաստանի բացակայությունը վտանգավոր ազդանշան են համարում

Վրաստանի Պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ընդդիմության կողմից քննադատության է արժանացել՝  ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ-ների հավաքին չմասնակցելու համար:

Հիշեցնենք՝ Բրյուսելում, հոկտեմբերի 26-27-ին  տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Վրաստանի Պաշտպանության նախարար Լևոն Իզորիան չի մասնակցել հանդիպմանը, ինչը և ընդդիմադիրների համար  քննադատության առիթ է դարձել:

ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Ալեքսանդրե Մաիսուրաձեի պարզաբանմամբ, հանդիպմանը մասնակցում էին միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարները, այդ իսկ պատճառով Լևան Իզորիան հրավեր չի ստացել:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ  Բրյուսելում նախատեսված չէր Վրաստանի Պաշտպանության նախարարի հետ հանդիպում։  Ըստ նրա, պատճառներից մեկը Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների վերջերս Վրաստան կատարած այցն էր։

Քննադատությամբ է հանդես եկել Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին՝ նշելով, թե  նախարարին, եթե չեն հրավիրել, դա  արդարացում չէ:  «Հանդիպմանը նախարարը պետք է մասնակցեր»,-ասել է Խիդաշելին։

Չի ուշացել նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչեցված քննադությունը։  Կուսակցության Վակե ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված  թեկնածուի կարծիքով,  ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը Վրաստանի բացակայությունը շատ վտանգավոր ազդանշան է:

Ըստ նրա,  ՆԱՏՕ-ում Սեւծովյան երկրների անվտանգության ուժեղացմանը վերաբերող որոշումը շատ կարեւոր է նաև Վրաստանի համար: Նա երկրի  իշխանություններին կոչ է արել «թույլ չտալ, որ  Վրաստանի հետաքրքրությունները ճնշվեն եւ ակտիվորեն ներգրավվել նախաձեռնության իրականացման մեջ, որը կապված է Վրաստանի անվտանգության0 եւ ազգային շահերի հետ»:

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի Պաշտպանության նախարարների հավաքի ընթացքում քննարկվել են Սեւծովյան տարածաշրջանի համար կարեւոր թեմաներ, ինչպիսիք են հիշյալ շրջանի անվտանգության ուժեղացումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը հավաքի ընթացքում հայտարարել է. «Վրաստանի հետ գործընկերության ամրապնդումը չափազանց կարևոր է Հյուսիսատլանտյան դաշինքի և Վրաստանի անվտանգության տեսանկյունից: Երեկ քննարկել և որոշում ենք կայացրել Սեւծովյան շրջանում մեր ներկայության ամրապնդման վերաբերյալ: Մանրամասները հայտնի կդառնան փետրվար ամսին»։

Հատկանշական է, որ Սեւծովյան տարածաշրջանի երկրների անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընթացին կմասնակցեն 6 երկրներ՝  Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը:

Հավելենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ամրապնդման որոշումը կայացրել է ընթացիկ տարվա հուլիսի 8-9-ին՝ Վարշավայի գագաթաժողովի ժամանակ:

Թողնել պատասխան