Թբիլիսիի բնակիչներն ընդդեմ բարձրահարկերի

Թբիլսիի  քաղաքապետարանը Վակե-Սաբուրթալո թաղամասում 27 հարկանի շենքի կառուցման թույլտվություն է տվել, ինչն առաջացրել է տեղի բնակիչների դժգոհությունը: Ատենի փողոցի բնակիչների մի մասը բողոքում է բարձրահարկի կառուցման դեմ: Նրանք վարչական բողոքով դիմել են քաղաքապետարան: Քաղաքային իշխանություններից խնդրում են վերանայել նշված փողոցում 27-հարկանի կառույցի թույլտվությունը, որը ստացվել է  այս տարվա հունվարի 15-ին՝ ճարտարապետության քաղաքային ծառայության կողմից: Մարդիկ ասում են, որ կառուցվող շինությունը չափազանց մոտ է իրենց տներին, իսկ 300  ընտանիքի բնակեցումից հետո իրավիճակն անկառավարելի կլինի: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ դեռևս 2017-ի ապրիլին  Բարձրագույն դատարանը շինարարությունն ապօրինի է ճանաչել: Որոշում է կայացվել չեղարկել քաղաքապետարանի թույլտվությունը, շինարարությունը համարվել է տեղի բնակիչների իրավունքներին խանգարող: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Դմիտրի Գաբունիան: Բնակիչները սպառնում են շինարարությունը չդադարեցնելու դեպքում դիմել ծայրահեղ միջոցների:

Քաղաքապետարանից արձագանքել են բողոքին.

«Դատարանը որոշում էր կայացրել, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները պետք է  վերադիտարկեն հարցը: Օգոստոսին «գոտիների խորհուրդը» կատարել է դատարանի որոշումն ու եկել եզրակացության, որ ընդունված գործակիցը ճիշտ է և արդար: Մնացած ֆորմալ ընթացակարգերը խախտել հնարավոր չէ»:

Բնակիչները նպատակ ունեն դիմում ներկայացնել դատախազություն, իսկ փաստաբանը նշում է, որ շինարարության հետևում կոնկրետ մարդիկ են կանգնած: Բնակիչների բողոքը հին է: Շինարարության թույլտվություն եղել է դեռս 2007-ին՝  քաղաքապետ Գիգի Ուգուլավայի կողմից:

Նյութի աղբյուր՝ sputnik-georgia

 

Թողնել պատասխան