Թբիլիսիի մետրոպոլիտենը չի աշխատում. վարորդները գործադուլ են հայտարարել

Այսօր Թբիլիսիի մետրոպոլիտենը չի ծառայի քաղաքացիներին․ Վրաստանի մետրոպոլիտենում գործող այլընտրանքային «Միություն 2013» արհմիությունը գործադուլ է հայտարարել։

«Միություն 2013»-ն իր ողջ կազմով գործադուլ է սկսել դեռ նախօրեին՝ պահանջելով մետրոյի վարորդների աշխատավարձերի ավելացում:

meto1Այսօր մայրաքաղաքի ավտոբուսները անվճար են ծառայելու ուղևորներին, լեփ լեցուն լինելու պատճառով հնարավոր է որոշ կանգառներում չկանգնեն:

Նշվածի վերաբերյալ արտակարգ հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Իմ խոստումը եղել է և մնում է՝ հոգ տանել քաղաքի տնտեսական վիճակի մասին, ինչի արդյունքում կբարելավվի բնակչության կյանքի որակն ու աշխատանքային պայմանները: Տնտեսական զարգացումը պետք է իրականացնենք քայլ առ քայլ»,-ասել է քաղաքապետը։

Կալաձեն տեղեկացրել է, որ վարորդները պահանջում են ուղևորների վճարումների հաշվին 45 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: «Մեզ համար սա միանգամայն անընդունելի է: Ես՝ որպես քաղաքապետ, թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի կառուցվածքում աշխատավարձերի բարձրացում լինի սոցիալական խմբերի սուբսիդավորման հաշվին: Հիշեցնեմ, որ դատարանի որոշմամբ, մետրոյի աշխատակիցները ժամանակավորապես գործադուլ անելու սահմանափակ իրավունք ունեն»,- ասել է Կալաձեն:

Քաղաքապետն ավելացրել է, որ մետրոյի վարորդների աշխատավարձը կազմում է 1400-1800 լարի, ինչը, ըստ նրա, բարձր է ոստիկանության աշխատակիցների, մանկավարժների, շտապ օգնության բժիշկների, հրշեջ-փրկարարների և մետրոյի այլ աշխատակիցների աշխատավարձերից:

Կալաձեն բնակիչներից ներողություն է խնդրել քաղաքի տրանսպորտի հետ կապված խնդիրների համար:

Թողնել պատասխան