Թբիլիսիում ներկայացվեց Վրաստանի զբոսաշրջության 2016-ի զեկույցը

2016 թվականի ընթացքում Վրաստանը հյուրընկալել է ավելի քան 6,3 մլն այցելու: Նրանցից շուրջ 2,7 մլն-ը Վրաստան է այցելել զբոսաշրջության նպատակով:

Փետրվարի 1-ին Վրաստանի զբոսաշրջության վարչության կողմից Թբիլիսիում ներկայացվեց երկրի զբոսաշրջության 2016 թվականի զեկույցը: Միջոցառմանը հրավիրված էին մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ:  Վրաստան այցելողների շարքում 1,523 հազար այցելույով առաջին տեղը զբաղեցնում է Ադրբեջանը, երկրորդը Հայաստանը, 2016-ի ընթացքում Հայաստանից Վրաստան է այցելել 1,496 հազար մարդը: Այս շարքում երրորդ տեղում է Թուրքիան:

Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն նշեց որ 2016-ը Վրաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից  ռեկորդային տարի էր.

«Զբոսաշրջիկների քանակը առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ անցավ 6 մլն-ը: Ռեկորդային էր նաև այցելուների կողմից Վրաստանում ծախսված գումարը, որը գերազանցում էր 2 մլրդ ԱՄՆ դոլարը: Այսօր մասնավոր ոլորտի ուշադրությանը ներկայացրինք  2016-ին իրականացրած ծրագրերը: Խոսեցինք նաև ապագայի ծրագրերի վերաբերյալ: 2017-ին կշարունակենք աշխատել նույն եռանդով, կմասնակցենք միջազգային ցուցահանդեսներին, կհրավիրենք արտասահմանյան մամուլին և կիրականացնենք այլ ծրագրեր»:

Չոգովաձեն մեզ հետ խոսեց նաև այս ոլրոտում Հայաստանի կարևորության մասին.

«Մեր եղբայրական Հայաստանը շարունակում է մնալ Վրաստան ամենաշատ այցելու ունեցող երկրների առաջին եռյակում:  Հայաստանի կողմից հետաքրքրությունը ավելանում է ամռան ամիսների ընթացքում, սակայն Հայաստանյան այցելուների հոսքը նկատվում է ամբողջ տարվա ընթացքում: Իհարկե, այս ամենը մեր կողմից ողջունելի է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ` Վրաստանը հայ զբոսաշրջիկի համար էլ ավելի ցանալի դարձնելու համար»:

Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Քեթի Բոճորիշվիլին խոսեց տնտեսության տեսանկյունից զբոսաշրջության զարգացման կարևորության մասին.

«Ողջունելի է, որ մեր երկրում իրականացվում են զբոսաշրջիկների քանակի ավելացմանը նպաստող  ծրագրեր: Մեր առջև նպատակ ենք դրել 2025 թվականին ունենալ 11 մլն միջազգային այցելու: Զբոսաշրջությունը շատ կարևոր է, քանի որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցն իրենից ենթադրում է լրացուցիչ աշխատատեղ, լրացուցիչ գումար մեր ընտանեկան բյուջեում: Այս ոլորտում արդեն աշխատում  է 200 000 քաղաքացի, ինչը բավականին լավ ցուցանիշ է»:

Հատկանշական է, որ 2016 թվականին ավելի քան 6,3 մլն այցելուից 1,3-ը Վրաստան է  այցել տարանցման նպատակով, 2,3 մլն-ը երկրում մնացել է 24 ժամից քիչ: Ինչ վերաբերում է 24 ժամից ավել մնացած այցելուներին, ովքեր ունեն զբոսաշրջիկի կարգավիճակ, նրանց թիվը գերազանցում է 2,7 մլն-ը:

Թողնել պատասխան