Սաակաշվիլիի ներկայացուցիչը ևս կլքի քաղաքականությունը․ Կվիրիկաշվիլի

«Չեմ կարող չընդգծել այն նմանությունը, որ կա Վրաստանի նախկին նախագահի ու խորհրդարանում նրա ներկայացուցչի միջև»-այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում դեկտեմբերի 22-ի ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Նա ստանալով երկրի կառավարության նոր կազմի հանդեպ խորհրդարանի մեծամասնության վստահությունը, իր ելույթում ևս մեկ անգամ անդրադարձել է օրեր առաջ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Նիկա Մելիայի հետ տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք՝ Կվիրիկաշվիլին «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նիստի ժամանակ հայհոյել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային։

Վարչապետը գոհունակություն է հայտնել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դուրս է եկել երկրի քաղաքական կյանքից։ Նա հույս է հայտնել, որ «նա (նկատի ունի Մելիային-խմբ․) ևս այդպես կհեռանա քաղաքական դաշտից»։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, նրանք մեծ պատասխանատվություն են կրում իրենց ուսերին: Մեր երկրի կայուն զարգացումն ապահովելու համար մեծ ջանքեր պետք է գործադրենք, ինչը և անում ենք»,-խորհրդարանում ասել է Կվիրիկաշվիլին:

Նա երախտիքի խոսքեր է հնչեցրել բոլոր այն պատգամավորների մասին, ովքեր ըստ վարչապետի, առաջնային են համարում պետության շահը։

Վարչապետը նշել է, որ կառավարության նոր կազմը իր գլխավորությամբ պատրաստ է  համագործակցել պատգամավորների հետ՝ ցանկացած թեմայի շուրջ ծավալելով քաղաքակիրթ քննարկում։ Գործադիրի ղեկավարը վստահեցրել է, որ 2018 թվականը լինելու է ճշմարիտ երկխոսության և առավելագույն ներգրավվածության տարի:

 

Թողնել պատասխան