Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է պաշտոնաթող լինելու մասին: Նախօրեին Իտալիայում,  Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներով՝ իտալացիների 59,7 %-ը դեմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին, դրանք իրականացնելուն կողմնակից է ընտրողների 40, 2 %-ը՝ հաղորդում է իտալական La Stampa-ն:

«Ես չկարողացա հաղթանակ տանել: Այսքանով ավարտվում է կառավարելու իմ փորձը: Մենք գնում ենք առանց խղճի խայթի: Այսօր օրվա երկրորդ կեսին ես կհրավիրեմ նախարարներին, ապա հրաժարականի մասին կհայտնեմ նախագահին»,-ասել է Ռենցին:

Մինչ հանրաքվեն, Իտալիայի վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, թե պարտության դեպքում կլքի Կառավարության ղեկավարի պաշտոնը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Իտալիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Ռենցիի նախաձեռնած բարեփոխումը ենթադրում էր իտալական սենատի անդամների թվի կրճատում՝ 315-ից 100-ի: Փոփոխությունը նաև նախատեսում էր երկրի շրջանների իրավասությունների նվազում, այսինքն էներգետիկայի, ռազմավարական ենթակառուցվածքների և քաղպաշտպանության հարցերն անցնելու էին վարչապետի անմիջական վերահսկողության տակ:

Թողնել պատասխան