Լարսը փակ է․ Ռուսական կողմում կուտակվել է 267 տրանսպորտային միջոց

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ուժգին ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 71-106 կմ հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է: Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Ըստ տեղեկատվության, ռուսական կողմում կա  կուտակված 267 մեքենա, որից 210 բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար: Ճանապարհի բացմանն է սպասում 329 մարդ։

Նշվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին ապահովել է ջեռուցման համակարգով:

Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը խորհուրդ է տալիս այս օրերին խուսափել երթևեկությունից:

Թողնել պատասխան