Կալաձեն առաջարկում է վեճը հարթել ընկերական հանդիպմամբ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առաջարկում է ընկերական հանդիպում անցկացնել Բելիաշվիլիի փողոցի մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների միջև՝ հարթելու աֆրիկացի ուսանողների ու տեղի բնակիչների միջև բռնկված վեճը:

Կալաձեն հարցով արդեն դիմել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլուն: «Վստահ եմ՝ որևէ մեկին դուր չի եկել Բելիաշվիլիի փողոցում տեղի ունեցածը: Թբիլիսին միշտ հանդուրժող քաղաք է եղել, կարելի է ասել ամենահանդուրժող քաղաքն է: Տեղի ունեցածի մասին առկա հարցերին կպատասխանի հետաքննությունը, սակայն, ես ուզում եմ դիմել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին՝ Բելիաշվիլիի փողոցի նույն մարզադաշտում հնարավորություն տալու ընկերական հանդիպում անցկացնել։ Խաղին կմասնակցեն տեղի բնակիչներն ու աֆրիկացի ուսանողները, ովքեր միջադեպի օրը խաղում էին։ Կարծում եմ սա լավ միջոց է, որպեսզի մոռանանք տեղի ունեցածը»,-հայտարարել է Կալաձեն:

Կիրակի օրը աֆրիկացի ուսանող Բեն Զեգեն սոցիալական ցանցում տարածել է Բելիաշվիլիի փողոցում նկարահանված մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են վրացի տղամարդիկ նրանց վիրավորում:

Թբիլիսիում, Բելիաշվիլու փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՆԳՆ-ն ՔՕ-ի 126-րդ հոդվածի հատկանիշներով քննություն է սկսել, փոխանցում է interpressnews լրատվականը։

Թողնել պատասխան