Հիմնական մրցապայքարն ընթանալու է նախկին արտգործնախարարների միջև

Այսօր Վրաստանում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Տասնյակ գործիչներ են հայտարարել իրենց թեկնածությունն առաջադրելու մասին։

Վրացական մամուլի գնահատականներով, սակայն, պայքարն ընթանալու է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր մի շարք կուսակցություններից ներկայացված, «Միացյալ ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի և «Եվրոպական Վրաստան»-ից Դավիթ Բաքրաձեի միջև։ Վերջինս նախորդ նախագահական ընտրություններին ևս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն, փորձագետները նշում են, որ այսօր թեժ պայքարն ընթանալու է հիմնականում նախկին արտգործնախարարներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի միջև։

Երեք թեկնածուներն էլ պաշտոններ են զբաղեցրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին։

Իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ իր թեկնածուին չի առաջադրելու, սակայն հնարավոր է աջակցի թեկնածուներից մեկին։ Իշխող ուժը դեռևս պաշտոնապես չի հայտարարել այդ թեկնածուի անունը, սակայն խոսակցությունները վերաբերում են Սալոմե Զուրաբիշվիլիին, ով փաստացի ավելի վաղ դեմ չի արտահայտվել դրան։

Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին:

Սահմանադրության վերջին փոփոխությունների համաձայն, այս ընտրությունները կլինեն ուղիղ կարգով վերջին նախագահական ընտրությունները։

Թողնել պատասխան