Հուլիսի 15-ի վրացական մամուլի տեսություն

Հուլիսի 15-ին վրացական, ինչպես նաև համաշխարհային մամուլում ամենաքննարկվող թեման Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունն էր:

Ահաբեկչության կապակցությամբ interpressnews.ge լրատվականը փոխանցում է համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի ցավակցական նամակը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդին: Պատրիարքը նշել է, որ ահաբեկչությունից ցավոք սրտի ապահովագրված  չէ ոչ մի պետություն: Լրատվականը փոխանցում է նաև ահաբեկչության այլ մանրամասներ` կապված զոհերի թվի և հանցագործի հետ:

News.ge լրատվականը Նիսի ահաբեկչության կապակցությամբ մանրամասներից զատ տեղեկացնում է, որ Թբլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվէլ է Ֆրանսիայի պետական դրոշի գույներով: Միեւնույն աղբյուրի համաձայն` Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցած ներկայացուցչական խորհրդի ընտրությունները մեկնարկել են ժամը 10:00-ին և ավարտվել 17:00-ին: Ընտրության արդյունքները կհրապարակվեն շուտով: Լրատվականը տեղեկացնում է նաև, որ երկրի գլխավոր տարանցիկ մայրուղուն ևս 11 կմ. երկարությամբ ճանապարհ է ավելացել, որը հնարավորություն է տալիս վարորդներին շրջանցել Վրաստանի մարդաշատ քաղաքներից մեկը՝ Սամտրեդիան: Բաշի-Դափնարի բացման արարողութանը ներկա է գտվել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով խոսել է Ճանապարհահատվածի կարևորության մասին:

Ինչպես փոխանցում է frontnews.ge պարբերականը,  հուլիսի 15-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ՑԵՍԿՈ) արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալության կողմից ստացել է Վրաստանի ընտրությունների պոտենցիալ մասնակիցների թարմացված ընտրացուցակները: Դրանց համաձայն առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունի 3.513.260 մարդ: Frontnews-ը նույնպես չի շրջանցել Նիսի Ահաբեկչության թեման: Պարբերականը տեղեկացնում է, որ ահաբեկչության արդյունքում անհետ կորածների թվում կա նաև Վրաստանի մեկ քաղաքացի: Ըստ ֆրանսիայում Վրաստանի դեսպան Էկատերինե Սիրաձե-Դելոնեի, վրացուհու անունը չկա ոչ վիրավորների, ոչ էլ մահացածների թվում: Դեսպանը տեղեկացնում է նաև, որ վրացուհու ֆրանսիացի ամուսինը զոհվել է ահաբեկչության արդյունքում:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն  իր հերթին այսօր ի նշան զորակցության «Ռուսթավի 2»-ի պատկերանշանը ներկել էր ֆրանսիայի դրոշի գույներով: Լրատվամիջոցը հեռուստադիտողի ուշադրությանն է ներկայացրել նաև Բաթումիում մեկնարկած ջազի փառատոնի մասին տեղեկատվությունը: «Ռուսթավի 2»-ը նշում է որ ջազ-փառատոնը կշարունակվի մինչև օգոստոսի 24-ը: Դրա շրջանակներում հանդես կգան մի շարք հայտնի երաժիշտներ, որոնց թվում կլինի նաև Քուինսի Ջոնսը:

Geonews պարբերականը իր ընթերցողին է ներկայացնում Եվրոպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի խոսքերը, ով մասնավորապես նշել է, որ Վրաստանը կատարել է իր պարտականություները և ժամանակն է, որ Եվրոպան կատարի իրենը: Յոհաննես Հանը հայտնել է իր վստահությունն առ այն, որ մինչև 2016 թվականի հոկետեմբերը Վրաստանը կօգտվի առանց մուտքի արտոնագրի ռեժիմից:

 Օրվա վերջում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` Անկարայում և Ստամբուլում իրավիճակը խիստ անկանոն է, որտեղ կարելի է տեսնել ծանր զինտեխնիկա և զինվորականների: Ժամանակավորապես փակվում է օդանավակայանն ու հետաձգվում թռիչքները: Անկարայում լսվում են կրակոցներ: Հղվելով BBC-ին` «Ռուսթավի 2»-ը փոխանցում է, որ վարչապետը տեղի ունեցածը համարել է զինված խմբավորումների ապօրինի գործողություններ:

Թուրքիայի թեման շոշափեց նաև Geonews- ը: Պարբերականը տեղեկացնում է, որ Թուրքիայի կենտրոնական շտաբի փոխանցմամբ, երկրի Կառավարության մի շարք անդամներ ձերբակալված են: Մինչ այդ թուրքիայի վարչապետ Իլդիրիմը հայտարարել էր, որ Թուրքիայում զինվորականների խմբավորումը փորձել է իշխանությունն իր ձեռքը վերցնել` զենքի ուժով: Սա արդեն զինված հեղափոխություն կատարելու փորձ է` ասել է վարչապետը:

Թողնել պատասխան