Մայիսի 30-ի վրաստանյան մամուլի տեսություն

Մայիսի 30-ի  վրաստանյան մամուլի ուշադրություն կենտրոնում  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օրերս հրապարակած  բաց նամակն էր:

Իվանիշվիլին իր նամակում ասել է, որ ներկա  վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին տարբերվում է իր պարկեշտությամբ և աշխատասիրությամբ:  Նա  նաև տեղեկացրել է, որ  նախընտրական այս շրջանում իր նամակը  «իրադարձությունների վերլուծություն է, թե ինչու քաղաքացիները կրկին աջակցեն «Վրացական երազանքին»  ու  նրա ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով տարբերվում է իր պարկեշտությամբ, գիտելիքներով և աշխատասիրությամբ. «Նա այն եվրոպական ոճի, հավասարակշռված և սկզբունքային առաջնորդն է, ում կարիքն  զգում է Վրաստանը»,-ասված է Իվանիշվիլիի բաց նամակում:

Իվանիշվիլին   անդրադրձել է նաև արատաքին քաղաքական հարցերին` մասնավորապես նշելով, որ  Վրաստանի արևմտամետ քաղաքականությունը չի նշանակում, որ չպետք է   հարգանքով վերաբերվել  հարևանններին ու հաշվի չառնել նրանց  շահերը:  «Ընդհակառակը, մենք կանենք ամեն ինչ, առանց Վրաստանի շահերը  վնասելու`  կարգավորել  հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ, պետք է խորացնենք ու ամրապնդենք  կապերը կարևոր գործընկերների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ», -գրել է Իվանիշվիլին`  անդրադառնալով նաև Իրանի հետ հարաբերություններին:

«Իրանի հետ հետաքրքիր հարաբերություններ ենք սկսում: Վրաստանը նաև ակտիվորեն ներգրավված է տնտեսական և քաղաքական մեծ ներուժ ունեցող` «Մետաքսի Ճանապարհ» ծրագրում: Օրեր առաջ ստորագրվեց մի  փաստաթուղթ, որի համաձայն Գերմանական  երկաթուղին Վրաստանի տարածքով կմիանա Չինաստանին»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Վրաստանի  իշխող կուսակցության` «Վրացական երազանքի» հիմնադիրն  իր նամակում անդրադարձել է նաև երկրում տիրող քաղաքական և տնտեսական այլ հարցերին` նշելով որ ամեն ինչ կանի, որպեսզի  Սահակաշվիլիի թիմը  չկարողանա «ժամանակը հետ պտտել» և իշխանության գալ: Տեղեկացնում է «Kvira.ge»-ն:

«Kvira.ge»-ն  մեկ այլ հորդվածում տեղեկացնում է, որ Վրաստանի   տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին Իվանիշվիլիի բաց նամակը բարձր է գնահատել ու նշել, որ այն իր մեջ մի շարք կարևոր ուղերձներ է պարունակում:  Սուբարիի խոսքով` այսօր` նախընտրական շրջանում, կարևոր է հետ նայել և գնահատել իշխանությունների անցած ճանապարհը`  նաև հասկանալու համար, թե  ինչպես աշխատել առաջիկայում:

Միևնույն պարբերականի փոխանցմամբ`  Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը, ինչպես հայտարարել է խորհրդի քարտուղար Իրինա Իմերիշվիլին,  նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին առաջարկել է ավելացնել վրաց զինվորականնների թիվը  Կենտրոնական Աֆրիկայում:  Անվտանգության խորհրդի քարտուղարը հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը կընդունի նախագահի և անվտանգության խորհդի առաջարկությունը:

«Interpressnews»-ը  գրում է, որ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի  անօթևան և սոցիալապես անապահով երեխաները  անվճար հագուստ և գրենական պիտույքներ կստանան: Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության «հագցնենք համաքաղաքացիներին» և «Գիրք յուրաքանչյուր գյուղին» սոցիալական ծրագրի շրջանակներում մի քանի ավտոբուս արդեն  ուղևորվել է Սամցխե- Ջավախեթի: Անօթևան և սոցիալապես անապահով երեխանների համար  հավաքագրվել է շուրջ  3000 անուն գիրք և հագուստ: Նախարարությունից տեղեկացրել են, որ  վերոնշյալ ծրագրերը գործում են այս տարվա մայիսից և կշարունակվեն առաջիկա 5 ամիսներին ևս:

«Netgazeti.ge»-ն  ընթերցողի ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ  անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի նախագահը հյուրընկալում է Սլովակիայի նախագահին: Անդրեյ Կիսկայի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում: Միջոցառմանը մասնակցել են  Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, Կառավարության և նախագահի աշխատակազմի  անդամներ և այլն: Թերթը տեղեկացնում է, որ Վրաստանի նախագահը Սլովակիայի իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի, մասնավորապես Ցխինվալիի շրջանում մարդու իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ: Գիորգի Մարգվելաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել  Անդրեյ Կիսկային`  Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացների աջակցության, երկրի ինքնիշխանության և  տարածքային ամբողջականության ճանաչման համար: Սլովակիայի նախագահի պաշտոնական այցը Վրաստան կավարտվի հունիսի 2-ին:

Թողնել պատասխան