Վրաստանում պետական մակարդակով ստուգվելու է խաղալիքների որակը

Հունվարի վերջից Վրաստանում սկսելու են ստուգել վաճառվող խաղալիքների որակը։ 

Տնտեսության ու կայուն զարգացման նախարարությունից հայտնում են, որ տեսուչների մոտ կասկածներ առաջանալու դեպքում, ապրանքի օրինակները կուղարկվեն լաբորատորիա։

Վերահսկվելու է ինչպես ներմուծման, այնպես էլ ապրանքը շուկայում տեղավորման  գործընթացը։ Եթե պարզվի, որ խաղալիքները կյանքի կամ առողջության համար վտանգավոր նյութեր են պարունակում, դրանք ոչնչացնելու որոշում կկայացվի։ Բացի այդ՝ տուգանքներ կնշանակվեն, որոնք ուժի մեջ կմտնեն 2021-ին։ Այս տարվա ընթացքում խիստ պատժամիջոցներ չեն լինի։ Ընկերությունները միայն խորհրդատվություններ կստանան՝ խախտումներն ուղղելու համար։ Որոշ ժամանակ անց կստուգվեն՝ շտկվել են դրանք, թե ոչ։ Նախագիծն արդեն համաձայնեցվել է կառավարական մարմինների հետ ու կառավարության հերթական նիստին ներկայացվելու է հաստատման։

Այսօր խաղալիքների շուկան չի վերահսկվում, հնարավոր է գնել ամենատարբեր որակի խաղալիք։ Մասնագետները մեկ անգամ չէ, որ խոսել են որոշ խաղալիքների վնասակարության մասին։ Նրանք խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել պիտակին, եթե կա «СE» նշումը, ուրեմն խաղալիքն անվնաս է ու բավարարում է Եվրամիության պահանջներին։