Դատապարտում են TV Pirveli-ի ղեկավարի նկատմամբ բռնությունը

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան և ԱՄՆ դեսպանատունը տարածած հայտարարությամբ դատապարտել են TV Pirveli-ի հիմնադիր Վատո Ծերեթելիի նկատմամբ բռնությունը։

Ծերեթելին այսօր մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ ֆիզիկական բռնության է ենթարկվել «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների կողմից։ Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան տարածքում, որտեղ նշվում էր Անկախությանը նվիրված միջոցառումը։

TV Pirveli-ի ղեկավարի խոսքով, միջադեպը տասնյակ ականատեսներ ունի։

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորների բռնի գործողությունը և կոչ անում նրանց ստանձնել քաղաքական պատասխանատվություն։

Խարտիայի գնահատմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը պայմանավորված է մի կողմից լրագրողների նկատմամբ բռնության չքննված փաստերով, մյուս կողմից՝ պետական ​​պաշտոնյաների ագրեսիվ հռետորաբանությամբ։

ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշված է․ «ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ դեսպանատան տարածքում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։ Մենք ուսումնասիրում ենք այս տեղեկությունը»։