Ճանապարհային անվտանգությունը պետք է լինի երկրի առաջնահերթությունը. ցույց կառավարության շենքի դիմաց

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Շատիլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցույց է  տեղի ունեցել Վրաստանի կառավարության շենքի մոտ :

Ցույցի խորագիրն է՝ «Ճանապարհային անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն»: Ցույցը կազմակերպվել է մի շարք միավորումների կողմից, ինչպիսիք են «Իմ քաղաքն ինձ սպանում է», «Վրաստանի դաշինք՝ հանուն անվտանգ ճանապարհների» շարժումները, «Համագործակցություն հանուն ճանապարհային անվտանգության» հիմնադրամը և այլն:

Ցույցի կազմակերպիչները նշել են, որ այս հավաքով դիմում են կառավարությանը, կոչ են անում քայլեր ձեռնարկել ավտոճանապարհային պատահարները նվազեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի բնակավայրի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Կա 17զոհ, 3 վիրավոր, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր: Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: