Մարգվելաշվիլին կոչ է անում մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին

Վրաստանի նախագահը երկրի  բնակչությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել  ընտրությունների երկրորդ փուլին: Հոկտեմբերի 18-ին այս մասին լրագրողներին  հայտնեց նախագահի մամուլի խոսնակ  Էկա Միշվելաձեն:

«Երկիրը դարձյալ ընտրական շրջանում է․Առջեւում շատ կարեւոր երկրորդ փուլն է: Նախագահը եւս մեկ անգամ կոչ է անում երկրի քաղաքացիներին ակտիվ լինել, կատարել սեփական ընտրությունը, քանի որ  միայն քաղաքացու ընտրությունն է այս գործընթացում որոշիչը»,-հայտարարեց Միշվելաձեն:

Միշվելաձեի խոսքով, նախագահը հույս ունի, որ ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի առավել թափանցիկ, խաղաղ եւ արդար միջավայրում  և առանց այն խախտումների, որոնք տեղ  գտան առաջին փուլի ընթացքում:

«Մեր տեղեկատվությամբ, այժմ քննարկվում են բողոքները եւ շատ կարեւոր է, որ բոլոր այդ փաստերն ու դեպքերը հետաքննվեն: Նախագահը գտնում է նաև, որ  բոլոր հարցերը, որ ի հայտ են եկել ձայների  հաշվարկի ժամանակ, կստանան իրենց պատասխանները»,- նշեց Միշվելաձեն:

Նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ,  ընտրական հարցերի ամբողջական բացահայտումների պատասխանատուն առաջին հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Նրա խոսքով,  շատ կարեւոր է, որ բոլոր պաշտոնական տվյալները հրապարակվեն ժամանակին, այդ թվում նաեւ անվավեր քվեաթերթիկների հետ կապված տեղեկատվությունը։  Հանրությունը պետք է սպառիչ տեղեկատվություն ստանա, որը թույլ կտա գործընթացները լավագույնս վերլուծել:

«Սա հարկավոր է հատկապես այն դեպքում, երբ վերջին 2 ընտրությունների ընթացքում անվավեր քվեաթերթիկների թեման շատ լուրջ հարցի է դարձել: Բոլոր հարցերին պատասխաանելը հենց ԿԸՀ-ի հետաքրքրությունը պետք է լինի։ Հանձնաժողովի  պատասխանատվության մեջ է մտնում  ոչ միայն խաղաղ միջավայրում ընտրությունների կազմակերպումն ու արդյունքների մասին ներկայացնելը, այլեւ հանրությանը ժամանակին տեղեկատվություն տրամդրելը»,- հայտարարել է Միշվելաձեն:

Թողնել պատասխան