Մարդակերության դեպք Թբիլիսիում

Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է օրեր առաջ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության մանրամասները, սպանության կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել, ևս 2-ը՝ թաքցնելու մեղադրանքով: Դաժան հանցագործության պատկերը վերականգնելուն օգնել են զոհի տան հարևանությամբ տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին մեղադրյալները, նախօրոք մշակված հանցավոր ծրագրի համաձայն, Թբիլիսիի Գաբրիելի փողոցի բնակելի շենքի բնակարանում նախ խեղդել, ապա դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են 1940 թվականին ծնված Լյուբա Կ-ին, մարմինը տեղավորել մեծ պայուսակի մեջ և տեղափոխել կասկածյալներից մեկի՝ Բեկա Շ-ի կողմից վարձակալած բնակարան, որտեղ անդամահատել են դիակը: Ապա նույն երեկոյան, մարմնի մասերը պայուսակներով տեղափոխել Գլդանիի թիվ 8 բանտի հարակից տարածքում չգործող աղբավայր, բենզինով այրել:

Քննության վարկածով՝ սա ծիսական սպանություն է: Ձերբակալվածների ֆեյսբուքյան էջերում հայտնաբերվել են նմանօրինակ սպանությունների լուսանկարներ: Հանցագործությանը նախորդել են ձերբակալված 19-ամյա Իրմա Կ-ի և նրա մոր՝ սպանված Լյուբա Կ-ի տարաձայնություններն ու վեճը: Ձերբակալվածներից երկուսն արդեն ընդունել են մեղքը: Ընդ որում, մեղադրյալներից մեկը խոստովանել է, որ կերել է զոհի մարմնի որոշ մասեր: Երրորդ կասկածյալը, քանի որ անչափահաս է, օգտվել է լռության իրավունքից:

Քննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 108 հոդվածի, 109 հոդվածի 2-րդ մասի, 375 և 376 հոդվածներով (մարդկանց խմբի կողմից դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանանքերում, հացագործություն թաքցնելը): Դատախազությունը պահանջում է հանցագործության բոլոր 5 կասկածյալներին նախնական կալանքի տակ վերցնել:

Թողնել պատասխան