«ՆերՈւԺ». մեկնարկում է ՀՀ սփյուռքի նախարարության սթարթափ ծրագիրը

ՀՀ սփյուռքի  նախարարությունը հայտարարել է «ՆերՈՒժ» սթարթափ ծրագրի մեկնարկի մասին:

Ըստ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ ծրագրի նպատակն է Հայաստանում հավաքել 18-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, ովքեր բիզնես գաղափարներ, սթարթափ ծրագրեր և դրանք Հայաստանում իրականացնելու ցանկություն և հնարավորություն ունեն:

«Ծրագիրն ունի մի քանի նպատակ. նախ այս ծրագրով մենք լուծում ենք մեր առջև դրված կարևորագույն առաջնահերթություններից մեկը՝ Սփյուռք-ՀՀ հարաբերություններում ներգրավել սփյուռքահայ երիտասարդությանը, ովքեր գիտական, տնտեսական, բիզնես ներուժ ունեն: Կարծում ենք, որ այս ճանապարհը՝ պետական և մասնավոր այս սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա այսօրինակ պիլոտային ծրագրերի միջոցով ցույց տալ այն ինստիտուցիոնալ ճանապարհները, որոնցով երիտասարդները կկարողանան գալ, հաստատվել Հայաստանում և սկսել իրենց ծրագրերը: Նոր  Հայաստանում սփյուռքի նախարարությունը և կառավարությունը, որպես աշխատանքային գործելաոճ և գաղափարախոսություն, տեսնում են մասնավոր սեկտորի լավագույն մասնագետների և պատասխանատուների հետ ակտիվ, սերտ համագործակցությունը», — ծրագիրն այսպես է ներկայացնում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարությունը դիմել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների՝ առաջարկելով համագործակցություն և ստացել է դրական պատասխան:

Ծրագիրը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը Հայաստանում, UWC Դիլիջան քոլեջում։

Չորսօրյա միջոցառման գերակա նպատակներն են՝

  • հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հարթակներ և հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար.
  • օժանդակել էկոհամակարգին և կառուցել ամուր ու առողջ սթարթափային էկոհամակարգ.
  • ապահովել կիրառական ուղղություն՝ ինչպես կառուցել արժեք գեներացնող, առևտրապես կենսունակ և ճկուն սթարթափային բիզնես.
  • կառուցել և օգտագործել առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտություններ.
  • հնարավորություններ ստեղծել համագործակցության և ֆինանսավորման համար:

Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և նորարար տեխնոլոգիաները։

Նախարարն  ասում է՝ մենք  բաց  ենք համագործակցության համար, ուրախ՝ ընդլայնելու աշխատանքային թիմը:

Դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ սեպտեմբերի 13-ը:

Նախարարության մամուլի ծառայությունից «Ալիք մեդիային» տեղեկացրին նաև, որ չնայած ծրագրի մեկնարկը նոր է տրվել, արդեն կան մասնակցության հայտեր, և ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն:

Թողնել պատասխան