Նոյեմբերի 7-ի իրադարձություններից 10 տարի է անցել

2007 թ․ նոյեմբերի 7-ի իրադարձություններից 10 տարի է անցել:

Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության դեմ բողոքի ակցիաները Թբիլիսիում սկսվել են 2007 թ․ նոյեմբերի 3-ին: Նոյեմբերի 7-ին ընդդիմությունը խորհրդարանի մոտ վրաններ տեղադրելու որոշում էր կայացրել: Զուգահեռաբար, ակցիաներ են կազմակերպվել պետական մի շարք այլ հաստատությունների մոտ:

Այն բանից հետո, երբ իշխանությունները ուժի կիրառմամբ ցրել են փոքրաթիվ ակցիան, քաղաքացիները սկսել են հավաքվել Ռուսթավելի պողոտայում: Ավելի ուշ, ցույցը ցրվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից, օգտագործվել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ակուստիկ զենքեր և ջրային թնդանոթներ: Նույն օրը երեկոյան «Իմեդի» հեռուստաընկերություն են ներխուժել հատուկ ջոկատայինները, դադարեցվել է եթերը: Հիշեցնենք՝ «Իմեդի»-ն պատկանում էր վրացի գործարար Բադրի Պատակացիշվիլիին, ով այդ օրերին միացել էր ընդդիմադիրների ակցիային։

Այդ ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 15-օրյա արտակարգ դրություն է հայտարարել։ Անսալով ընդդիմության պահանջին՝ Սահակաշվիլին 2008 թ․ հունվարին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց, որում հաղթեց:

2008 թվականից՝ Պատարկացիշվիլիի մահից հետո, «Իմեդի» հեռուստաընկերությունը  գործարարի ընտանիքից վերցվել է, վերադարձվել է միայն 2012 թ․ իշխանափոխությունից հետո:

Իշխանափոխությունից հետո Վրաստանի դատախազությունը 2007 թ․ ցույցի ցրման և «Իմեդի» հեռուստաընկերության ներխուժման փաստով հետաքննություն է սկսել: Նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, այդ թվում նախագահ Սահակաշվիլիի, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում:

Վանո Մերաբիշվիլին դեռևս բանտում է, Գիգի Ուգուլավան վերջերս է ազատ արձակվել, Կեզերաշվիլին, Ադեիշվիլին և Սահակաշվիլին, ովքեր այսօր երկրից դուրս են, հետախուզման մեջ են գտնվում:

Թողնել պատասխան