Շատ պատահական իմացա, որ հյուրընկալվելու եմ ՀՀ վարչապետի տանը, անչափ հուզված էի. Լարիսա Ղարսլյան

Օգոստոսի 10-ին Հայաստանում կմեկնարկի ավանդական դարձած և արդեն վերանվանված «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Անվանափոխությունից բացի, այս տարի ևս մի փոփոխություն էլ կա: Սփյուռքահայ երիտասարդներին հյուընկալող ընտանիքների շարքին է ավելացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը: Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրեց վիրահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

Լարիսան Ջավախքի Նինոծմինդա քաղաքից է, այս տարի ավարտել է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցը և ընդունվել Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանի նախապատրաստական բաժինը: Նա պատրաստվում է ուսումը շարունակել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: «Քայլ դեպի տուն» ծրագրի մասին Լարիսան լսել է Նինոծմինդայում գործող «Ռաֆաել Ջավախ» կրթամշակութային կենտրոնից, որտեղ մասնակցում է տարբեր դասընթացների:

«Ծրագրի մասին լսելով, որոշեցի մասնակցել, քանի որ շատ եմ սիրում Հայաստանը և ցանկանում եմ այն ճանաչել յուրովի, իր տեսարժան վայրերով: Շատ պատահական իմացա, որ հյուընկալվելու եմ ՀՀ վարչապետի տանը և անչափ հուզված էի, չէի կարողանում զսպել զգացմունքներս: Երբ Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխություն, մենք ամբողջ ընտանիքով հետևում էինք հայրենիքում կատարվող իրադարձություններին, և չէի կարող պատկերացնել, որ մի օր հայտնվելու եմ ժողովրդի կողմից այդքան սիրված վարչապետի տանը»,- «Ալիք մեդիային» ասում է Լարիսան:

Խոսելով վարչապետի ընտանիքի մասին, Լարիսան առանձնացրեց նախ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նրան բնութագրելով, որպես իսկակական հայ կնոջ կերպար, իսկ Փաշինյանի որդու հայոց բանակում ծառայելու վերաբերյալ՝ ասաց, որ հպարտանում է նրա այդ քայլով:

«Վարչապետի ընտանիքն ինձ համար իսկական իդեալ է: Ես միշտ զարմացել եմ նրանց համեստության և ընտանեկան ջերմության վրա: Հուսով եմ կկարողանամ նրանց հետ լավ ժամանակ անցկացնել, ճանաչել նրանց և ինչու ոչ՝ պատմել նաև մեր մասին», — նշեց Լարիսան հավելելով, որ երեկվանից չեն դադարում զանգերն ու հաղորդագրությունները, որոնց միջոցով ընկերներն ու հարազատները շնորհավորում են նրան՝ վարչապետի տանը հյուընկալվելու կապակցությամբ:

Ծրագրի մեկ այլ մասնակից Անի Մկրտչյանը նույնպես այս տարի է ավարտել դպրոցը և ուսումը շարունակելու է Երևանում: Նա նույնպես ոգևորված է և մեծ ակնկալիքներ ունի ծրագրից:

«Իմ կարծիքով սա շատ լավ ծրագիր է սփյուռքահայերի համար, քանի որ հնարավորություն է ստեղծում ավելի լավ ճանաչել հայրենիքը: Ես վստահ եմ, որ հայրենիքում մենք շատ լավ ժամանակ կանցկացնենք: Ինչ վերաբերում է Լարիսային, ես շատ ուրախ եմ, որ հենց մեր շրջանից է այն երիտասարդը, ով հյուրընկալվելու է Փաշինայնի տանը», — «Ալիք մեդիային» ասում է Անին:

Այսօր Նինոծմինդայի շրջանի 20 երիտասարդներ, ովքեր մեկնելու են «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու, իրենց ծնողների հետ մեկտեղ հավաքվել էին «Ռաֆաել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում՝ անելիքների վերաբերյալ խորհրդակցելու նպատակով:

Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի խոսքերով՝ Նինոծմինդա քաղաքից և մի քանի գյուղերից ծրագրին մասնակցում է 20 երիտասարդ: Նրանց փաստաթղթերն առաջիկա օրերին պատրաստ կլինեն և երիտասարդները կմեկնեն Հայաստան:

«Ինչ վերաբերում է մեր սաներից մեկի՝ Լարիսա Ղարսլյանի՝ ՀՀ վարչապետի տանը հյուրընկալվելուն, պետք է նշեմ, որ նա մեր լավագույն սաներից է, շատ լավ տեղյակ է մեր շրջանից, մեր ժողովրդի պատմությունից, արվեստի, գրականության, կրոնի մասին, այնպես որ, կարծում եմ ընտանեկան զրույցների ժամանակ, նույնիսկ վարչապետի ներկայությամբ, Լարիսան կկարողանա արժանապատվորեն ներկայացնել մեր շրջանը: Նա այս պահին Ջավախքի երիտասարդության դեսպանն է ՀՀ վարչապետի տանը», — նշեց «Ռաֆաել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն իրականացվում է  ՀՀ սփյուռքի նախարարության կողմից՝ 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների և երիտասարդների համար։ Օգոստոսի 10-24-ը կայանալիք ծրագրի շրջանակներում կանցկացվեն հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:

Մասնակիցների գիշերակացը կապահովվի հյուրընկալ ընտանիքներում, վերջին չորս օրը՝ ճամբարում:

Թողնել պատասխան