95%. վաճառվե՞լ է, թե փչացել. սա է խնդիրը. Ջավախքում կարտոֆիլի իրացման խնդիրների մասին (ձայնագրություններ, լուսանկարներ)

Նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Սամվել Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մեծ քանակությամբ փչացած կարտոֆիլի կադրեր և հետևյալ գրառումն արել.

Безымянный«Սա այն կարտոֆիլն է, որ Ախալքալաքի շրջանի մի ընտանիք պետք է վաճառեր՝ մեկ կգ-ը 70 թեթրիից 1 լարիով, այսպես էր խոստացել պատգամավորը (նկատի ունի շրջանի պատգամավոր Հենզել Մկոյանին), բայց այսօր նրանք ստիպված են աղբը նետել սա: Այսօր կարելի է ասել, որ Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի 30-40 տոկոսն աղբն է  թափվել, իսկ մնացածի 20-30 տոկոսը վաճառվել է 10-15 թեթրիով:  Հարց է առաջանում՝ ինչո՞ւ խաբեցին ժողովրդին։

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Սամվել Պետրոսյանն ասաց, որ տարեսկզբին պատգամավոր Հենզել Մկոյանը ժողով է հրավիրել, հայտարարություն արել, թե  այն ժամանակ գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ գրավոր համաձայնություն ունի,  ըստ որի՝ ներմուծվող կարտոֆիլի համար վրացական սահմանը փակվելու է այնքան ժամանակ, մինչ տեղի կարտոֆիլի վերջին կիլոգրամը չիրացվի: Պատգամավորը նաև հստակ ժամկետ է նշել՝ մինչ հունիսի մեկը կարտոֆիլի վաճառքի խնդիրը լուծվելու է: Այս հայտարարությունից ոգևորված գյուղացին չի շտապել վաճառել բերքը՝ սպասելով առավել շահավետ պայմանների: Արդյունքում Վրաստանը շարունակել է կարտոֆիլ ներմուծել (Վրաստանը կարտոֆիլ է գնում Բելառուսից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Թուրքիայից, նաև Հայաստանից), Ջավախքի գյուղերի բերքը սկսել է փչանալ: Ֆերմերները ստիպված ինքնարժեքից (միջինը 30-35 թեթրի) ավելի ցածր գնով՝ 10-15 թեթրիով են վաճառել: Ըստ Պետրոսյանի՝ մոտավոր հաշվարկով՝ խոսք է գնում բերքի 30 տոկոսի ամբողջովին ոչնչացման մասին, մնացածն իրացվել է գրեթե անվճար: Գյուղացիները գուղատնտեսական վարկեր են վերցրել՝ հույսով, որ կարտոֆիլի բերքից ստացված եկամուտը կբավականացնի նաև  վարկերը փակելուն:

36468622_1828428283893006_5517873463039098880_n

Նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի որոշումն իրականում Ախալքալաքի շրջանի բերքի հետ որևէ կապ չունի. որոշումն ընդամենը Թուրքիայից Վրաստան ներմուծվող կարտոֆիլի ժամանակավոր արգելքի մասին է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Պետրոսյանը կատարվածը տնտեսական դիվերսիա է համարում, իսկ պատգամավորի արած հայտարարությունը որակում է պոպուլիստական քայլ:

 

23467453_123706845069573_7305002759959518937_oՆախկին պատգամավորը մեր նկատառմանը, թե նախկինում ևս շրջանում բերքի իրացման խնդիրներ եղել են,  ասում է՝ այո,  նախորդ տարիներին ևս շրջանը բերքի իրացման խնդիրներ ունեցել է, տարիներ առաջ հարցը մասամբ լուծում  էինք պետական սեկտորում իրացման շնորհիվ:  Այսօր նա ազատ շուկայի պայմաններում՝ առաջարկում է կարտոֆիլից բացի մտածել այլ բերք ևս ստանալու ուղղությամբ՝ շուկայում մրցունակություն ունենալու նպատակով: Նաև հարկավոր է բերք մշակելուց առաջ շուկայի պահանջարկը հաշվի առնել: Պետրոսյանը համարում է, որ այս առումով Հայաստանի փորձը կիրառելի է՝ մասնավորապես անվճար կամ շուկայական գնից անհամեմատ էժան սերմացուի, պարարտանյութի ու վառելանյութի տրամադրման մասով: Նա նամակ է ուղղել Հենզել Մկոյանին՝ հորդորելով ընդունել սխալը և ներողություն հայցել գյուղացիներից: Կոչն անպատասխան է մնացել:

36622904_1831478546921313_2860343954509922304_nՔնարիկ Պարոնյանն «Ալիք մեդիային» ասաց, որ կարտոֆիլը չի վաճառվել, փտել է, մի մասը թափել է, մի մասը դեռ պետք է թափի, կամ էլ, լավագույն դեպքում, որպես անասնակեր օգտագործի: Այրի կինն ասում է՝ անչափահաս աղջկա  հետ մի կերպ է մշակել կարտոֆիլն, ու պատկան մարմինները հույսով են արել, թե վաճառելու խնդիր չի ունենալու: Սա էր լինելու ընտանիքի ապրելու  միակ միջոցը: Գումարը պարտքով է վերցրել, միայն վառելիքի համար 2000 լարի է վճարել:

Մեկ այլ գյուղացի՝ Վիկտոր Տեպոյանն ասում է, որ քանի տարի է կարտոֆիլի բերքից օգուտ չեն տեսել. գնորդ չկա. այս տարի 11 հազար լարի է պարտք վերցրել, վարուցան արել, ստացած բերքը վաճառել է 10 թեթրիով, մնացածն էլ որպես  անասնակեր է օգտագործում: Մեր հարցին՝ ինչ հույսով են ամեն տարի այդքան շատ ցանում, զրուցակիցս պատասխանում է հարցով՝ ի՞նչ անենք, գյուղում ենք ապրում, մի գործ պետք է անենք:

Գյուղացիների հետ զրույցների ժամանակ նրանք ասում էին, որ խնդիրն ընդհանուր է, շատերն են կամ ջրի գնով վաճառել, կամ էլ անասունի բաժին սարքել բերքը, որի համար  ամբողջ տարին քրտինք են թափել:

հե1Շրջանի պատգամավորն այլ կարծիք ունի: Հենզել Մկոյանը գտնում է, որ ընդհակառակը՝ վաճառվել է կարտոֆիլի 95,  փչացել՝ 5 տոկոսը: Իր շնորհիվ է և իր միջնորդությամբ, որ Թուրքիայից կարտոֆիլի ներմուծումն արգելվել է. «Ամբողջ աշխարհն էլ գիտի՝  իմ շնորհիվ և իր միջնորդությամբ է, որ թուրքական սահմանը փակվել է: Եթե հիմա փչացել է 5 տոկոսը, այն ժամանակ կփչանար 80 տոկոսը: Եթե 3 հոգու բերքը փչացել է, դա չի նշանակում, որ շրջանում կարտոֆիլը չի վաճառվել. չեն վաճառել հիմնականում նրանք, ովքեր թանկ վաճառելու նպատակ են ունեցել»: 

Պատգամավորը նախ հորդորեց՝ հրապարակել բոլոր այն գյուղացիների անունները, ովքեր մեզ դիմել և ասել են, որ կարտոֆիլի իրացման խնդիր են ունեցել, ապա հրավիրեց շրջան ու խոստացավ կազմակերպել հանդիպումներ գյուղացիների 95 տոկոսի հետ, ովքեր միայն շնորհակալություն կասեն:

Առաջիկայում կհետևենք պատգամավորի հորդորին և շրջան կայցելենք՝ բերքի իրացման խնդրի առաջ կանգնած գյուղացիների հետ տեղում զրուցելու նպատակով:

Ներկայացնում ենք նաև հարցազրույցների ձայնագրությունները

Թողնել պատասխան