Ստիպված կլինենք ծնկի գալ՝ խնդրելով Վրաստանին կամ Ռուսաստանին Աբխազիան ընդգրկել իրենց կազմում․ Շամբա

«Եթե իրավիճակը չշտկվի, մենք ստիպված կլինենք ծնկի գալ՝ խնդրելով Վրաստանին կամ Ռուսաստանին Աբխազիան ընդգրկել իրենց կազմում»,-ընդդիմության հետ հանդիպմանը հայտարարել է Աբխազիայի նախկին փոխվարչապետ Սերգեյ Շամբան։

Նա գտնում է, որ Աբխազիայի իշխանություններում անպատասխանատու մարդիկ են, ովքեր չեն կարողանում կառավարել երկիրը: Նրա խոսքով, առկա ճգնաժամից Աբխազիային կարող է դուրս բերել միայն Ասլան Բժանիան՝ պետական անվտանգության ծառայության նախկին պետը:

«Մենք հասել ենք անկախության և ստեղծել մի պետություն, որը երբեք չի եղել պատմության մեջ:  Այժմ մենք ունենք այնպիսի ազատություն, որը երբեք չենք ունեցել: Արդյոք չենք կարող օգտագործել այն: Աբխազիան ղեկավարվում է անպատասխանատու մարդկանց կողմից»,-իր ելույթը եզրափակել է նախկին պաշտոնյան:

Շամբան հայտարարել է նաև, որ վրացիներին թշնամի չի համարում՝ հավելելով, որ հիմա կարելի է երկխոսություն սկսել Վրաստանի հետ։

Վրաստանի կողմից չվերահսկող Աբխազիայում այս օրերին ընդդիմությունը պահանջում է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը։

Թողնել պատասխան