Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողը Հայաստան այցելության ուղեգիր ստացավ

Հունվարի 8-ին Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։

Միջոցառմանը մասնակցել են  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն է արժանացել Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրել է Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։

«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրել է պատվոգրով և հանձնել Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։

Պատվոգրեր հանձնվել են նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:

Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։

Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Հիշեցնենք՝ հունվարի 9-ը 20-րդ դարի մեծատաղանդ կինոռեժիսոր Սերգեյ  Փարաջանովի ծննդյան օրն է։

Թողնել պատասխան