Ստոլտենբերգը դրական է գնահատել Վրաստանի բարեփոխումները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դրական է գնահատել Վրաստանում՝ տնտեսության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում իրականացված բարեփոխումները: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Բրյուսելում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ընթացքում:

Բախտաձեն վարչապետի պաշտոնում առաջին անգամ է գտնվում Բրյուսելում: Հատկանշական է, որ նրա այցը մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ավարտից 6 օր անց: Հուլիսի 11-12-ին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանի պատվիրակությունը գլխավորել էր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Գագաթնաժողովի ընթացքում բոլոր 29 դաշնակիցները հաստատել են, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Սա համապատասխանում է 2008թ․ Բուխարեստում ընդունված որոշմանը: Մենք կշարունակենք աշխատանքը՝ պատրաստելով Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,- Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ ասել է Ստոլտենբերգը:

Այսօր Բրյուսելում Բախտաձեն կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցություններից հետո նրանք միասնական հայտարարությամբ հանդես կգան:

Թողնել պատասխան