Վրաստանը ծովային համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի և Մալթայի հետ

Սեպտեմբերի 13-ին Վրաստանի Բաթումի քաղաքում  մեկնարկած  «Միջազգային ծովային ֆորում»-ի ընթացքում Վրաստանը համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի և Մալթայի հետ: Վերջինիս հետ կնքված համաձայնագիրը վերաբերվում է առևտրածովային նավարկության զարգացմանը, իսկ Ուկրաինայի հետ ստորագրած համաձայնագիրը` երկու երկրների նավահանգիստների միջև երկաթուղային լաստանավերի ազատ ջրային երթևեկությանը:

Մալթայի հանրապետության տրանսպորտի նախարար Ջո Միցիի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար  Վլադիմեր Օմելիանի հետ համաձայնագրերը վրացական կողմից ստորագրել է  փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացաման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:

«Վրաստանի և Մալթայի ռեեստրներում գրանցված նավերին առանց խոչընդոտի  միմյանց  նավահանգիստներ մուտք գործելու հնարավորություն է ընձեռվում: Դա  շատ կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», -ասել է Քումսիշվիլին:

Նա կարևորել է նաև Ուկրաինային հետ ձեռք բերված համաձայնությունը, նշելով. «Այն կհեշտացնի երկկողմ բեռնափոխադրումները: Այս համաձայնագիրը շատ  կարևոր է հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանի տարածքով ուկրաինական բեռնափոխադրումները արգելված են»:

Համաձայնագրերի ստորագրմանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և «Միջազգային ծովային կազմակերպության» Գլխավոր քարտուղար Կիտակ Լիմին: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան