Ռուսաստանը խիստ բացասաբար է վերաբերում ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը․ Պուտին

Ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ «խիստ բացասաբար» կվերաբերվի ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը։

«Եթե Վրաստանը կամ Ուկրաինան անդամակցեն ՆԱՏՕ-ին, Ռուսաստանի արձագանքը չափազանց բացասական կլինի»,-հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ի սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքները Կրեմլը կընկալի որպես վտանգ:

Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ բավականին լավ է տիրապետում ՆԱՏՕ-ի որոշումների կայացման մեխանիզմին։ «Իհարկե, բոլոր որոշումներն ընդունվում է կոնսեսուսով, սակայն, մինչ անդամակցելը, ըստ համաձայնության, ՆԱՏՕ-ի առանձին անդամների հետ համագործակցությունը հնարավոր է»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Վերջինս հավելել է նաև, որ այդպես է եղել Լեհաստանի և Ռումինիայի դեպքում, որտեղ «այսօր Միացյալ նահանգների հակահրթիռային պաշտպանական ռազմավարական էլեմենտներ են տեղադրված»:

«Սա վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը: Այդ պատճառով սահմանին մոտ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների առկայությունը մեզ համար վտանգ է ներկայացնում և մենք դա խիստ բացասաբար ենք ընկալում»,- հայտարարել է Պուտինը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավաստիացրել էր, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Թողնել պատասխան