Վրաստանի կրոնական կազմակերպությունները գոհ են կրոնի հարցերով պետական գործակալությունից

Վրաստանում շուրջ 3 տարի իր գործունեությունը ծավալող կրոնի հարցերով պետական գործակալությունը ստեղծվել է երկրում տարբեր կրոնական կառույցների հետ համագործակցելու եւ կրոնական քաղաքականություն վարելու նպատակով: Այս հաստատության գործունեությանը, սակայն, կասկածանքով  է վերաբերում «Վրաց մահմեդականների միություն» կազմակերությունը: Կառույցի ղեկավար Տարիել Նակաշիձեի կարծիքով վերոնշյալ գործակալությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում  կրոնական փոքրամասնությունների և երկրի զարգացման ճանապարհին: Նա գործակալությունը փակելու պահանջ է ներկայացրել: Հիշյալ հասարակական կազմակերպության հայտարարության շուրջ դեկտեմբերի 14-ին Վրաստանի կրոնական 7 համայնքների, այդ թվում Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հրավիրված ասուլիսի ընթացքում արտահայտեցին իրենց մոտեցումները՝ դրական գնահատելով Վրաստանի կրոնի հարցերով գործակալության գործունեությունը:

Վրաստանի շիաների հոգեւոր հովիվ Ռաման Ինիտովը նշեց, որ «Վրաց մահմեդականների միություն» կազմակերպությունը իրենց անունից ստահոդ հայտարարություններ է տարածում:

«Վերջին ժամանակահատվածում որոշ խմբեր փորձում են քաղաքականացնել կրոնը, ինչ վերաբերում է ՀԿ-ներից մեկի ղեկավար Տարիել Նակաշիձեին, ապա նրան կոչ եմ անում առաջին հերթին ծանոթանալ թեմի կարծիքին՝ նախքան ողջ թեմի մասին հայտարարություններ տարածելը: Կրոնի հարցերով պետական գործակալությունն իր ստեղծման պահից լուծել է մեր խնդիրների մի մասը, շուտով կլուծվեն նաեւ մյուսները»,- նշեց նա:

«Ասեկոսեները հասել են նրան, որ ասում են, թե առաջնորդներին նշանակում է կրոնի պետական գործակալությունը, ինչը ամբողջությամբ սուտ է: Մեր պարագայում, առաջորդն ընտրվում է Հայաստանից՝ Էջմիածնից ամենայն հայոց կաթողիկոսի կողմից: Կրոնի գործակալությունը մեր եկեղեցու ներքին հարցերում  չի խառնվում, հակառակը՝ իր ստեղծման պահից աջակցում է մեզ: Միամտություն կլիներ ակնկալել, որ 3 տարվա ընթացքում մի քանի տասնամյակ կուտակված խնդիրները լուծում կստանային»,– Ալիքի հետ զրույցում նշեց Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Հրեաների միության ղեկավար Մերաբ Չանչալաշվիլի խոսքով․

«Այն պահից, երբ ստեղծվել է կրոնի հարցերով գործակալությունը, մեզ համար դյուրացվել է պետության հետ հարաբերություններ հաստատելը: Մի շարք ընթացակարգեր հեշտացվել են, որպես օրինակ կարող է հանդիսանալ սինագոգաների վերադարձնելու փաստը: Այդ իսկ պատճառով գործակալության գործունեությունը դրական ենք գնահատում»։

Ինչ վերաբերում է «Մահմեդական միություն» հասարակական կազմակերպության ղեկավարին, վերջինս չի ներկայացել մամուլի ասուլիսին քաղաքից դուրս գտնվելու պատճառով։ Նա նշել է, որ նման հայտարարություն արել է միայն մահմեդական թեմի վերաբերյալ:

Թողնել պատասխան