Վրաստանում առաջարկում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է գալիս Աշխատանքային օրենսգրքում  նվազագույն աշխատավարձի շուրջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկով։ 

Գրասենյակը Արհմիությունների  միավորման հետ   Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ  նման  առաջարկով է հանդես եկել՝ ուսումնասիրելով  երկրում  նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։

Առաջարկի հեղինակները ընդգծում են, որ  2005 թվականին նվազագույն աշխատավարձի չափ է սահմանվել 135 լարին, որը, սակայն բավականին ցածր է քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, և չի կարող համարվել ադեկվատ աշխատավարձ:

Վրաստանում ավելի քան  60 հազար քաղաքացու աշխատավարձը ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ու Արհմիության ներկայացուցիչները մի շարք խորհուրդներ են տվել խորհրդարանին։ Դրանցից մեկը վերաբերվում է հենց Աշխատանքային օրենսգրքում  նվազագույն աշխատավարձի «խելամիտ» չափի սահմանմանը:  Նրանց խոսքով, սահմանված նվազագույն և միջին աշխատավարձերի միջև տարբերությունը չպետք է գերազանցի 30 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, չպետք է կրճատվի ոչ լրիվ դրույքով աշխատատեղերի թիվը:

Օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով հանդես եկողները  նաև գտնում են, որ նվազագույն աշխատավարձի չափը պետք է վերահսկվի հատուկ տեսչության կողմից, որը կունենա խախտումները պարզելու և պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն:

Թողնել պատասխան