Բացվել է Բագրատաշենի նորակառույց սահմանային անցակետը

Նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է  Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետը։  

Անցակետի բացման առիթով Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ ստեղծվել  է շատ կարևոր մի ենթակառուցվածք: Վարչապետի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատվության համաձայն,  բացման արարողությունից հետո կողմերը խոսել են բարիդրացիական հարաբերությունները խորացնելու շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Իր հերթին, Սերժ Սարգսյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին շնորհավորել է խորհրդարանական ընտորություններում «Վրացական երազանքի» տարած հաղթանակի կապակցությամբ: «Interpressnews»-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո Հայաստանի նախագահը Կվիրիկաշվիլիին աշխատանքային ընթրիքի է հրավիրել:

Ինչ վերաբերում է «Բարեկամության կամրջի» կառուցմանը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2014-ին, ապա այս ուղղությամբ  աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվանից։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Հիշեցնենք՝ կամուրջը, որը ստացել է  «Բարեկամության կամուրջ» անվանումը,  կառուցվելու է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա։

Թողնել պատասխան