Վրացի փորձագետները դրական են գնահատում ռուս դիվանագետին վտարելու փաստը

Վրաստանյան փորձագետներն ու քաղաքագետները դրական են գնահատում ռուս դիվանագետին վտարելու մասին պաշտոնական Թբիլիսիի որոշումը։

Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը անընդունելի անձ է համարել Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնի աշխատակցին՝ պահանջելով երկիրը լքել 7 օրվա ընթացքում։

«Սա քաղաքական ազդանշան է, որ խոսում է քաղաքակիրթ Արևմուտքի միասնության մասին: Հենց այս միասնությունն էր ուզում փորձել Ռուսաստանը: Եթե Վրաստանն այս քայլին չգնար, դա կնշանակեր, որ այն աշխարհում չէ, որտեղ դեմ են Ռուսաստանին»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Բատու Կութելիան:

Փորձագետները նաեւ հաստատում են, որ Ռուսաստանի արձագանքը փաստացի ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ հարցը վերաբերում է տասնյակ երկրների:

«Մենք Ռուսաստանի քաղաքականությունից տուժած երկրներից մեկն ենք: Հենց այս պատճառով պետք չէ զերծ մնալ նման քայլերից։ Ես ողջունում եմ Վրաստանի կայացրած որոշումը: Մենք դարձանք 25-րդ երկիրը, որ միացավ ռուս դիվանագետներին վտարելու արշավին: Մեզ համար կարևոր է Արեւմուտքի կողքին լինել»,-հայտարարել է Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների փորձագետ, Պաշտպանության նախկին փոխնախարար Նոդար Խարշիլաձեն:

Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո, երբ ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, ռուս դիվանագետներին վտարելու որոշում է կայացրել ավելի քան 25 պետություն։

Նյութի աղբյուրը՝ newsgeorgia

Թողնել պատասխան