| Լուրեր |
2017 թվականի հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեց «Վրացական երազանք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն: Թեկնածուն և նրան ուղեկցող անձինք ներկա գտնվեցին եկեղեցում ընթացող երեկոյան ժամերգությանը:Հավարտ եկեղեցական արարողության, հյուրերին բարի գալուստի խոսքերով ողջունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց 19-րդ դարի կառույց Սուրբ Էջմիածին եկեղեցու պատմությանը, արժեվորեց վրացական իշխանությունների հարգալից և բարյացակամ վերաբերմունքը այս երկրի այլազգիների նկատմամբ, որոնց շրջանում է հազարամյակների պատմություն ունեցող վրաց-հայկական բարեկամությունը կամրջող վիրահայ համայնքը: Երկրի իշխանությունների Ժողովրդավարական ակունքներից բխող մոտեցումը այլազգիներին հնարավորություն է ընձեռում պահել, պահպանել իրենց մշակույթն ու ավանդույթները, հոգևոր և մշակութային արժեքները, եկեղեցիներն ու տաճարները:
Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց քաղաքի ավանդական տոնի՝ Թբիլիսոբայի կապակցությամբ և նշեց, որ կոլորիտային քաղաքի գեղեցիկ տոնի բերկրանքը վրաց ազգի հետ միասին կիսում են նաև Հայաստանից, Ռուսաստանից և Արցախից ժամանած բազում հյուրերը, որոնց հոսքը ամբողջ օրվա ընթացքում նկատվում էր նաև հայոց սուրբ տաճարում:
Քաղաքապետի թեկնածուի և մյուս հյուրերի պատվին առաջնորդի «Հայարտուն» կենտրոնի նստավայրում կատարվեց հյուրասիրություն: Նյութը՝ Վիրահայոց թեմի պաշտոնական էջից |



