Քութայիսիի կարի ֆաբրիկան առաջին պատվերը կընդունի հայտնի H&M բրենդից

Քութայիսիում ապրիլին բացված MGMtex կարի ֆաբրիկան մայիսի 17-ին կընդունի առաջին պատվերը, պատվիրատուն է հայտնի H&M բրենդը։

Կարի արտադրամասի աշխատանքների մեկնարկի արարողությանը մասնակցել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին։

MGMtex կարի ֆաբրիկան ստեղծվել է «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում՝ վրաց-ռումինական ներդրմամբ։

Արտադրամասը պատկանում է շվեյցարական Ottorose ընկերության ռումինական MGMtex դուստր ձեռնարկությանը։ Նշենք, որ Ottorose ընկերությունը համագործակցում է հայտնի H&M, Mango, Zara, United Collors of Benneton, Oasis և մի շարք այլ հայտնի բրենդների հետ։

Քութայիսիում արտադրված որակյալ հագուստը կարտահանվի եվրոպական երկրներ։

Նշենք, որ MGMtex ֆաբրիկան աշխատանքները մեկնարկել է 2018-ի ապրիլին և պատրաստվում է տարեկան արտադրել 3 միլիոն 300 հազար լարիի (մոտ 1 միլիոն 375 հազար 787 դոլար) հագուստ։

Սկզբնական շրջանում ֆաբրիկայում կաշխատի 130 մարդ, սակայն արդեն երկու ամիս անց նրանց թիվը կհասնի 250-ի։ Ծրագրվում է, որ մեկ տարի անց աշխատակիցների թիվը կանցնի 400-ից։

Թողնել պատասխան