Քումսիշվիլին Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցքի» նախարարների 4-րդ հանդիպմանը

Վրաստանի առաջին փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցքի» նախարարների 4-րդ հանդիպմանը: Քումսիշվիլին ունեցել է նաև մի քանի երկկողմ հանդիպում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

«Հարավային գազային միջանցքի» զարգացումը, հարավկովկասյան խողովակաշարի լայնացումը, ինչպես նաև «Շահ Դենիզ» նախագծի ավարտին հասցնելը մեր երկրի համար շատ մեծ կարևորություն ունեն»,- ասել է Քումսիշվիլին:

Փոխվարչապետը նաև ընգծել է տարանցման միջոցով ստացվող օգուտի կարևորությունը՝ նշելով, որ 2022-ին Վրաստանը կարող է ստանալ 2 անգամ ավել՝ 1,6 մլրդ խորանարդ մետր գազ.

«Դա միանշանակ դրական կանդրադառնա Վրաստանի էներգետիկ անվտանգության վրա»:

Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը կարևորել են երկար տարիների համագործակցությունը: Ուշադրությունը կենտրոնացրել են էներգետիկայի, տնտեսության և առևտրի ոլորտում կապերի խորացման վրա: Տեղեկացնում է apsny.ge-ն:

Հատկանշական է, որ Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո, այսօր՝ փետրվարի 16-ին, Քումսիշվիլին հանդիպել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ:  Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցած աճը, ինչպես նաև անդրադարձել են մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ընթացքում Դիմիտրի Քումսիշվիլին կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։

Թողնել պատասխան