Ընտրությունները բոյկոտած կուսակցություններին ու ՀԿ-ներին Պապուաշվիլին ծայրահեղական է անվանել

Այսօրվանից այն կուսակցություններն ու «ՀԿ-ները», որոնք հայտարարել են ընտրությունների բոյկոտի մասին և փորձում են խափանել ընտրությունները, կհամարվեն ծայրահեղական կուսակցություններ բոլոր սահմանումներով. չկա որևէ երկիր, որևէ սահմանադրություն և որևէ օրենք, որը նրանց գործողությունները չանվանի ծայրահեղականություն։ Այս հայտարարությունն արել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում։

Պապուաշվիլիի խոսքով՝ «ծայրահեղականության բնույթն այն է, որ նրանք ժողովրդավարության թշնամիներ են»։ Պապուաշվիլին նաև ասել է, որ «սա մեր երկրի ժողովրդավարության համար օգտակար գործընթաց է, երբ ծայրահեղականներին տրվում է լուսանցքը»։

Նույն համատեքստում նա խոսել է Եվրոպական հանձնաժողովի պատասխանատվության մասին։

«Անկախ նրանից, թե որքան ողբերգական կարող է լինել այն պահը, երբ մի քանի կուսակցություններ և ՀԿ-ներ պաշտոնապես հեռանում են ժողովրդավարությունից, միաժամանակ դա օգտակար գործընթաց է մեր ժողովրդավարության համար։ Հստակ կարմիր գիծ է գծվում մի կողմից՝ վրացի հայրենասերների և դեմոկրատների, որոնք իրենց կամքն արտահայտում են սեփական ընտրությամբ, և մյուս կողմից՝ արմատականների, ծայրահեղականների, կուսակցությունների, ինչ-ինչ խմբերի կամ օտարերկրյա ուժերի անունից գործող ՀԿ-ների միջև։

Այսօրվանից այն կուսակցություններն ու ՀԿ-ները, որոնք բոյկոտել են ընտրությունները և փորձում են խափանել ընտրությունները, կհամարվեն ծայրահեղական կուսակցություններ՝ բոլոր սահմանումներով։ Չկա որևէ երկիր, նաև սահմանադրություն կամ օրենք, որը նրանց գործողությունները չանվանի ծայրահեղականություն։

Մեր և վրաց ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ, նաև` ծայրահեղականների նկատմամբ, կլինի համարժեք։ Վրաց ժողովուրդը նույն վերաբերմունքը կունենա այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք կփորձեն ֆինանսավորել նրանց։ Նրանք կհամարվեն ծայրահեղականության հովանավորներ։

Բոլոր չափանիշներով չկա որևէ երկիր, որտեղ նման գործողությունը չի համարվի ծայրահեղականություն։ Այսպիսով, սա օգտակար գործընթաց է մեր ժողովրդավարության համար, երբ ծայրահեղականներին տրվում է իրենց մարգինալ անկյունը։

Ինչ վերաբերում է հայտարարված բռնությանը, մենք հետևում ենք, թե ինչպես կընթանա գործընթացը։ Շատ հիասթափեցնող է, որ մենք տեսանք հայտարարված բռնի գործողությանն Եվրահանձնաժողովի խոսնակի աջակցությունը: Ակցիայի մասնակիցները եթե բռնության փորձ անեն, ապա Եվրահանձնաժողովը՝ իր խոսնակի տեսքով, կկրի դրա պատասխանատվությունը: Այսպիսով, մենք քաղաքական հարցեր կունենանք նաև նրանց նկատմամբ այս հարցի վերաբերյալ։

Վրաստանի քաղաքացիներին երաշխավորված է խաղաղ հավաքների իրավունքը. ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս այս հավաքի ժամանակ կատարել նույնիսկ մեկ բռնության փորձ», — ասել է Շալվա Պապուաշվիլին: