ՀՀ դեսպանը Աջարիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն (ԱԻՀ) կատարած այցի շրջանակներում մարտի 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել, տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Տեղեկության համաձայն, դեսպանը հանդիպել է ԱԻՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար Մայա Խաջիշվիլիի հետ։

Կողմերն անդրադարձել են կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցությանը, մասնավորապես` համատեղ մշակութային միջոցառումների անցկացմանը, կրթական հաստատությունների միջև ուղղակի փոխգործակցության ամրապնդմանը և երիտասարդների միջև շփումների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցերի։

Նույն օրը ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաթումիի N4 հանրային դպրոց, որտեղ դասավանդվում է նաև Հայոց լեզու և հայ գրականություն առարկան։

Հաղորդագրության համաձայն, դեսպան Սմբատյանը հանդիպել է նաև Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանիի հետ

«Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին քույր քաղաքներ Վանաձորի և Բաթումիի միջև փոխգործակցության ակտիվացմանը միտված ձեռնարկվելիք հնարավոր քայլերի շուրջ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: