Կարևոր է և՛ փոքրամասնության, և՛ մեծամասնության իրավունքների պաշտպանությունը. վարչապետ

«Մեր ունեցած գերուժը մեր հավատն է, նաև` մեր ավանդույթները, մեր արժեքները։ Միավորելով այս ուժերը՝ կկարողանանք դիմակայել կեղծ ազատության և ճշմարտության անունից եկող չարիքին, պահպանել աշխարհը մեր երեխաների և ապագա սերունդների համար»,- Բուդապեշտում Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովում (CPAC) իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշել է՝ այս դժվարին ժամանակներում բոլորը պետք է համախմբվեն և Վրաստանը դարձնեն խաղաղության, կայունության ու բարգավաճման վայր։

Վարչապետը նաև ընդգծել է. «Ինչպես թույլ չենք տա բռնություն փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ, այնպես էլ թույլ չենք տա փոքրամասնության բռնությունը մեծամասնության նկատմամբ. մենք նաև պաշտպանում ենք մեծամասնության իրավունքները, որոնց համար ընտանիքը տղամարդու և կնոջ միասնությունն է, մայրը կինն է, հայրը՝ տղամարդը»:

Ըստ վարչապետի՝ Վրաստանի կառավարությունը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները և դա ապացուցում է գործով։

«Մեր հասարակության ճնշող մեծամասնությունն ավանդական, պահպանողական, ընտանեկան արժեքների կողմնակիցն է։ Այս արժեքները ոչ միայն անցյալի ժառանգությունն են, այլև ապրող ներկան են, այն միջավայրը, որտեղ մենք մեծացել ենք և ցանկանում ենք մեծացնել մեր երեխաներին։ Ես չորս երեխայի հայր եմ և վրացի ծնողների մեծամասնության հետ միասին ցանկանում եմ մեր ապագա սերունդներին դաստիարակել քրիստոնեության վրա հիմնված արժեքներով»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով, հենց ավանդական, ընտանեկան արժեքների ոչնչացման և կեղծ ազատության կոչերով է իրականացվում ԼԳԲՏ քարոզչությունը:

Իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն. փորձագետներ