Ռուս-ուկրաինական պատերազմի վերջը չի երևում. Ղարիբաշվիլի

Բուդապեշտում Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովի (CPAC) իր ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին ամբողջ աշխարհում, թերևս` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմության ամենադրամատիկ իրադարձություններն են:

Վարչապետի խոսքով, մոտ ութ տասնամյակ է անցել պատմության մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի պարտությունից, այդ ժամանակից ի վեր ողջ մարդկությունը, երկրներն ու ժողովուրդները հաղթահարել են բազմաթիվ դժվարին ժամանակաշրջաններ:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ վրացիները` մյուս ժողովուրդների նման, պայքարել են ազատության համար, անցել են քաղաքացիական պատերազմների, օկուպացիայի, տնտեսական փլուզման, ավտոկրատական ​​ռեժիմի դժվար ժամանակաշրջանների միջով:

«Համաճարակի հետևանքով առաջացած բարդ տնտեսական և հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել եվրոպական մայրցամաքում շարունակվող լայնածավալ ռազմական հակամարտությամբ»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկիզբ դրեց երկարատև պատերազմի, որի ավարտը չի երևում:

Կառավարության ղեկավարի խոսքով, չարդարացված մարդկային զոհաբերությունների և դաժան ավերածությունների դադարեցումը պահանջում է մեծագույն հավաքական ջանք։

«Դուք գիտեք, որ 2008 թվականի օգոստոսին մենք ծանր պատերազմի միջով անցանք Ռուսաստանի հետ: Այդ պատերազմում մեր երկիրը մարդկային մեծաթիվ զոհեր տվեց։ Մեր տարածքների 20 տոկոսը դեռ օկուպացված է Ռուսաստանի կողմից: Վրացիները լավ գիտեն խաղաղության գինը. վրացիները փոքրաթիվ, բայց ուժեղ, ազատասեր ազգ են»,- ասել է վարչապետը։

Իշխանությունները վարում են երկվեկտոր քաղաքականություն. փորձագետներ