Վրաստանի «Ընտրական օրենսգրքի» մեջ փոփոխություններ են նախաձեռնվել: Օրինագծի հեղինակը «Վրացական երազանքի» պատգամավորներն են:
Օրենսդրական փոփոխության համաձայն` կկրճատվի ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետը 26 օրից մինչև 15 օր՝ սահմանվում է, որ խորհրդարանի, մայրաքաղաքի և բոլոր մունիցիպալ մարմինների ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո ոչ ուշ, քան 15-րդ օրը։
Բացի այդ, սակրեբուլոների և քաղաքապետերի ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ շրջանային հանձնաժողովների փոխարեն, և ամփոփիչ արձանագրությունը կհրապարակի ԿԸՀ-ն։
Բացի այդ, փոխվում են ընտրական սուբյեկտների և թեկնածուների կողմից թեկնածությունները հանելու ժամկետները։ Նորընտիր խորհուրդների, խորհրդի անդամների և քաղաքապետերի լիազորությունների մեկնարկի վերջնաժամկետը կսահմանվի ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո 9-րդ օրը՝ 14-րդ օրվա փոխարեն։
Փոփոխվում է նաև ընտրության օրվանից մինչև քվեարկության օրը օգտագործված միջոցների վերաբերյալ Պետական աուդիտի գրասենյակ հաշվետվություն ներկայացնելու վերջնաժամկետը։ Մասնավորապես, այն սուբյեկտը, որը նախնական տվյալներով ընտրություններում կստանա օրենքով սահմանված անհրաժեշտ ձայների քանակը, նշված հաշվետվությունը պետք է ներկայացնի քվեարկության օրվանից հետո ոչ ուշ, քան 5-րդ օրը։ Գործող օրենքի համաձայն՝ հաշվետվությունը պետք է ներկայացվի քվեարկության օրվանից հետո ոչ ուշ, քան 12-րդ օրը։