2025 թվականն ամփոփ

2025 թվականը Վրաստանի պատմության մեջ գրանցվեց որպես խորքային վերափոխումների, լուրջ հակասությունների և օրենսդրական փոփոխությունների տարի։

Տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ը նախաձեռնեց մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք էական ազդեցություն ունեցան քաղաքացիական հասարակության, մեդիայի, կրթության և քաղաքական դաշտի վրա։

Այդ փոփոխություններն ուղեկցվեցին զանգվածային բողոքներով, միջազգային արձագանքներով և պատժամիջոցներով, իսկ հասարակությունը հաճախ հայտնվեց բևեռացված վիճակում։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ստորև ներկայացնում է 2025 թվականի հիմնական իրադարձությունները՝ ամսեամիս։

Հունվար

Միջազգային հարաբերությունների սրում և ճգնաժամ

Տարին սկսվեց արտաքին քաղաքական լուրջ ազդակներով։ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ պատճառաբանելով, թե կառույցը քաղաքական ճնշում է գործադրում Վրաստանի վրա։ Քաղաքագետների գնահատմամբ՝ այս քայլը խորացրեց Վրաստանի մեկուսացման ռիսկերը եվրոպական հարթակներում։

Դրանից կարճ ժամանակ առաջ ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որով կոչ էր արել Վրաստանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին և մինչեւ 2025 թվականի ապրիլ հայտարարել նոր խորհրդարանական ընտրություններ։

Միաժամանակ Չեխիան պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հիմքով։

Եվրոպական միությունն էլ կասեցրեց դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնյաների առանց վիզայի ռեժիմը։ Սա դիտարկվեց ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական որոշում, որը ցույց էր տալիս ԵՄ-ի դժգոհությունը Վրաստանում ժողովրդավարական նահանջի վերաբերյալ։

Փետրվար

Քաղաքացիական հասարակության սահմանափակումներ և մեդիայի ճնշում

Փետրվարին փոփոխություններ կատարվեցին «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Ըստ նոր կարգավորումների՝ խստացվեցին արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպությունների հաշվետվության և վերահսկողության մեխանիզմները։ ՀԿ-ները հայտարարեցին, որ այս փոփոխությունները նպատակ ունեն վերահսկելու և սահմանափակելու անկախ հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

Միաժամանակ փորձագետներն ու լրագրողական միությունները ահազանգեցին ազատ մեդիայի նկատմամբ աճող ճնշումների մասին։ Նշվում էր, որ լրատվամիջոցների դեմ դատական գործերը, ֆինանսական լծակների կիրառումը և քաղաքական պիտակավորումը կրում են համակարգային բնույթ։

Մարտ

FARA-ի օրինագիծը և ֆինանսական ճնշումները

Մարտին խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ ընդունեց FARA-ի օրինագիծը, որը նմանեցվում էր ռուսական «օտար գործակալների» օրենքին։ Օրինագիծը նախատեսում էր, որ արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպությունները պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա ազդեցության տակ գտնվող սուբյեկտներ»։

Օրենքի ընդունումն ուղեկցվեց լայնամասշտաբ բողոքի ակցիաներով։ Հասարակության լայն շրջանակը պնդում էր, որ դա վտանգում է խոսքի ազատությունն ու քաղաքացիական հասարակության գոյությունը։

Նույն ամսին մի շարք հիմնադրամների բանկային հաշիվներ սառեցվեցին, ինչը լրացուցիչ մտահոգություն առաջացրեց ֆինանսական ազատությունների սահմանափակման վերաբերյալ։ Դատախազության պահանջի հիման վրա մարտի 17-ին սառեցվել են «Փրոսթերիթի», «Ֆոնդ միմյանց համար 24/7», «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն», «Նանուկա»-ի հիմնադրամ կազմակերպությունների բանկային հաշիվները։ Այս ՀԿ-ները և բարեգործական կազմակերպությունները մեղադրվում են ցույցերի համար սարքավորումներ ձեռք բերելու և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, ինչը «Միասնական չեզոք Վրաստան»-ը որակել է որպես «ապօրինի և հանցավոր գործողություններ կատարող անձանց խրախուսում»։

Ապրիլ

Քաղաքական զտումներ պետական համակարգում

Transparency International–ի հրապարակած զեկույցի համաձայն՝ մոտ 700 աշխատակից հեռացվել էր պետական կառույցներից քաղաքական հայացքների պատճառով։

Իշխանությունը պատճառաբանում էր, թե աշխատակիցներին աշխատանքից ազատելու պատճառը հիմնականում վերակազմակերպումն է կամ պայմանագրի ժամկետի լրանալը, իսկ ահա աշխատանքից ազատվողները կարծում էին, որ իրենց ազատել են, քանի որ իրենք բողոքի հայտարարություններ են ստորագրել եվրաինտեգրման կասեցման վերաբերյալ կամ բացահայտ արտահայտել են իրենց քննադատական ​​դիրքորոշումը «Վրացական երազանք»-ի քաղաքականության նկատմամբ։ Ընդդիմությունն այս գործընթացը որակեց որպես «քաղաքական զտում»։

Ապրիլին իշխող կուսակցության նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններ, ըստ քննադատների, փաստացի սահմանափակում էին ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը՝ ուժեղացնելով իշխանության կենտրոնացումը։

Մայիս

Քաղաքական ձերբակալություններ և միջազգային արձագանք

Մայիսին ձերբակալվեցին մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ.

Մասնավորապես`

  • «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն դատապարտվեց յոթամսյա ազատազրկման, ձերբակալվել է հունիսի 24-ին,
  • «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ութական ամսով են ազատազրկվել
  • «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեն յոթ ամսով է ազատարկվել,
  • «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան դատապարտվել են ութամսյա ազատազրկման։

Ըստ «Վրացական երազանք»-ի` գործերը իրավական էին, սակայն ընդդիմությունն ու միջազգային կառույցները դրանք որակեցին որպես քաղաքական հետապնդում։

ԵՄ-ն և մի շարք արևմտյան երկրներ կոչ արեցին վերանայել ձերբակալությունները՝ ընդգծելով քաղաքական սկզբունքի կարևորությունը։

Հունիս

Կրթություն, սոցիալական խնդիրներ 

Հունիսին հայտարարվեց, որ վրաց լեզվի դասավանդումը համալսարաններում կդառնա պարտադիր՝ նպատակ ունենալով ուժեղացնել պետական լեզվի դերը։

Օրինագծի համաձայն՝ «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքի 2-րդ հոդվածին ավելացվում է ենթակետ, որի համաձայն՝ պետական ​​լեզվի հատուկ դասընթացը վրացերենի հատուկ դասընթաց է, որը ներառված է բակալավրի աստիճանի, ինտեգրված բակալավրի աստիճանի, ուսուցիչների վերապատրաստման ինտեգրված մագիստրոսի աստիճանի, անասնաբուժական/ստոմատոլոգիական պետական ​​լեզվով ինտեգրված մագիստրոսի աստիճանի և դիպլոմային կրթական ծրագրի (ուսումնական պլանի) մեջ։

Այդ ամսվա ընթացքում ակտիվ քննարկվում էր հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարների խնդիրը, որոնք երկար ժամանակ մնացել էին Վրաստանի սահմանային անցակետերում՝ հարուցելով տնտեսական վնասներ։

Հուլիս

Քաղաքական համագործակցություններ և նոր պատժամիջոցներ

«Լելո»-«Գախարիա» ուժերի միջև ստորագրված համատեղ հուշագիրը ակտիվ քննարկվեց որպես ընդդիմադիր դաշտի համախմբման փորձ։ Մինչ այդ, երբ «Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, կարծիքները կրկին տարբեր էին։ Հայտարարությունից հետո կոալիցիայի որոշ անդամներ լքեցին իրենց պաշտոնները։

Էստոնիան պատժամիջոցներ սահմանեց վրացի ևս 19 պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարական նորմերի խախտումների հիմքով։

Ուժի մեջ մտան նաև Վրաստանի և Հայաստանի միջև ուղևորափոխադրումների նոր կանոնները։ Խոսքն առևտրային, զբոսաշրջային կամ միջազգային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին է, որոնց ընթացքում բոլոր փոխադրողները պետք է լրացնեն ուղևորների ցուցակ, որը համապատասխանում է ECMT-ի (Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս) միջազգային չափորոշչին։

Ուղևորների ցուցակը պարտադիր է բոլոր M1 (միկրոավտոբուս), M2 և M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների համար։

Օգոստոս

Մեդիայի պայքար և մայրաքաղաքային խոստումներ

«Լույսը չպետք է մարի» խորագրով մեդիաների համատեղ արշավը դարձավ խոսքի ազատության պաշտպանության խորհրդանիշ։ Օգոստոսի 13-ին անկախ 22 լրատվամիջոցների կայքերը մի քանի ժամով անջատվեցին՝ իրենց օգտատերերին ներկայացնելով միայն սև ֆոն։ Սա նախազգուշացնող ազդանշան էր, որով մեկնարկեց անկախ լրատվամիջոցներին աջակցության արշավը։

Օգոստոսին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ մայրաքաղաքում նախատեսվում է վերադարձնել տրամվայները՝ որպես էկոլոգիական տրանսպորտի լուծում։ Նրա խոսքով՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող տրամվայի գիծը Դիդի Դիղոմի բնակավայրը կկապի մետրոյի «Դիդուբե» կայարանին։

Սեպտեմբեր

Կրթական քաղաքականություն և միգրացիոն վերահսկում

Վրաստանում 2025 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ»-ը հանձնվեց Ժաննա Խաչատուրյանին։

Միաժամանակ, սեպտեմբերին կառավարությունը հայտարարեց, որ խստացվելու են Վրաստանում գտնվելու կանոնները խախտած օտարերկրացիների նկատմամբ պատժամիջոցները։ Ավելի կոնկրետ՝ եթե հոկտեմբերի 1-ից սկսած օտարերկրացին խախտի երկրում գտնվելու պայմանները, կսահմանվի 1000-3000 լարի տուգանք, նրան նաև կարգելվի որոշակի ժամանակահատվածում մուտք գործել Վրաստան։ Նշենք, որ գործող տարբերակը չի նախատեսում երկրից արտաքսում, և տուգանքի չափը կազմում է 180-360 լարի։

Հոկտեմբեր

ՏԻՄ ընտրություններ, բոյկոտ և բողոքներ

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները։ Ընդդիմության մի մասը բոյկոտեց գործընթացը՝ դա անվանելով անազատ և անարդար։ ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ տեղի ունեցան, ակցիայի մասնակիցներին ցրեցին՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվեցին ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, բռնագրավվեցին որոշ լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Լայնամասշտաբ բողոքի ցույցի ֆոնին, ընտրությունների ավարտից հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախնական տվյալները՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատար գրանցվեց «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն՝ 71,588 տոկոսով։

  • Կախա Կալաձե` 214,575 ձայն (71,588%);
  • Իրակլի Կուպրաձե՝ 37257 ձայն (12,43%);
  • Յագո Խվիչիա` 22535 ձայն (7,518%);
  • Զուրաբ Մախարաձե՝ 12356 ձայն (4,122%).

Ընտրական իրավիճակի մասին, վրաստանյան արձագանքից բացի, արձագանքեցին նաև ԵՄ մի շարք երկրներ, ԱՄՆ-ն, քաղաքական գործիչներ և այլք` դատապարտելով բռնաճնշումները և ընտրական ակնհայտ խախտումները։

Ավելին այստեղ։ 

Նոյեմբեր

Կրթություն, պետական ծառայություն

Պետական ​​լեզվի վարչությունը նոյեմբերին հրապարակեց պետական ​​լեզվի քննության վերաբերյալ տեղեկություն։ Նշված է, որ պետական լեզվի քննություն կարող են հանձնել նաև ոչ վրացալեզու դպրոցների աշակերտները` վրաց լեզվի իմացության մակարդակը ստուգելու և նրանց միասնական ազգային քննություններին նախապատրաստելու համար:

Վարչության հաղորդմամբ՝ վրաց լեզվի քննությունը կանցկացվի 2026 թվականից սկսած։ Քննության հիման վրա կտրվի վկայական, որը կարող է օգտագործվել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։

Լրագրող Մզիա Ամաղլոբելին արժանացավ Մամուլի ազատության և Սախարովի անվան մրցանակների։

Ընդունվեց օրենք, որով պետական ծառայողներին արգելվեց միաժամանակ զբաղեցնել մեկից ավելի պաշտոն։

Նոյեմբերի 1-ից պետական ծառայողներին, բացառությամբ հատուկ դեպքերի, արգելվեց երկրորդ աշխատանք ունենալ պետական հատվածում։ Առանց վերադասի գրավոր թույլտվության, խախտում կհամարվի նաև ցանկացած այլ օգուտ ստանալը։

Այս սահմանափակումները սահմանվում են «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքով։ Առաջին փոփոխությունները հաստատվել են դեռևս ապրիլին, ապա ենթարկվել են լրացուցիչ փոփոխությունների։
Հեղինակների խոսքով, նոր կանոնակարգերը կամրապնդեն ավելի մեծ բարեխղճություն և հաշվետվողականություն պետական ծառայություններում, մինչդեռ փորձագետները դա դիտարկում են որպես բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին վերահսկելու նոր մեխանիզմ։

Դեկտեմբեր

Օրենսդրական փոփոխություններ, կրթություն, նոր ռիսկեր

Տարվա վերջին ընդունվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ, իսկ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի հնարավոր կասեցումը դարձավ հասարակական լայն քննարկման թեմա։

Հայտարարվեց, որ հունվարի 1-ից Վրաստանում կգործի պարտադիր բժշկական ապահովագրությունը՝ ընդգրկելով բնակչության մեծ մասին։ Համապատասխան փոփոխությունները ներառված են «Զբոսաշրջության մասին» օրենքում։ Օրենքի կիրարկումը նախատեսվում էր ավելի վաղ, սակայն հետաձգվել էր։ Դեռևս հավելյալ մանրամասներ այս թեմայով չեն հրապարակվել. օրինակ` ովքեր են համարվում զբոսաշրջիկներ, բացառություններ կլինեն, թե ոչ և այլն։ Ավելին՝ այստեղ։

Կրթության բարեփոխումների մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ առաջացնելով մասնագետների և ծնողների հակասական արձագանքներ։

Ինչ կրթական բարեփոխումներ են կատարվելու դպրոցներում

  • Բոլոր հանրային դպրոցներում կդասավանդվի միայն Կրթության նախարարության պատրաստած դասագրքերով,
  • Դպրոցներում աշակերտներին կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը, իսկ առաջինից վեցերորդ դասարաններում պարտադիր կդառնան դպրոցական համազգեստները,
  • Դպրոց ընդունվել հնարավոր կլինի միայն 6 տարեկանից,
  • XII դասարանը կդառնա կամավոր, իսկ 11-րդ դասարանը կլինի մասնագիտացված։

«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանն առաջին լսմամբ 77 կողմ և 3 դեմ ձայներով ընդունեց նաև «Բարձրագույն կրթության մասին» օրենքում և դրա հիման վրա կազմված օրենքների նախագծերում փոփոխությունները, որոնք վերաբերում են բարձրագույն կրթության բարեփոխումներին։

Ըստ բարեփոխումների՝ բարձրագույն կրթության համակարգում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել։ Դրամաշնորհային ֆինանսավորումը կվերացվի։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումն ամբողջությամբ կֆինանսավորի պետությունը` ըստ քվոտավորման սկզբունքի։

Մասնավոր համալսարան ընդունվելու դեպքում ուսանողին այլևս դրամաշնորհ չի տրամադրվի։ Համալսարանական համակարգում կներդրվի նաև 3+1 համակարգ, որտեղ 3 տարի կտրվի բակալավրի աստիճանին, իսկ 1 տարի՝ մագիստրոսի աստիճանին։

Վրաստանի կառավարությունն ամեն տարի ինքը կորոշի, թե ուսումնական տարվա ընթացքում քանի ուսանող կընդունեն պետական ​​համալսարաններ։

«Վրացական երազանք»-ը մտադիր է ներդնել «մեկ ֆակուլտետ՝ մեկ քաղաք» սկզբունքը։


Այսպիսով, 2025 թվականը Վրաստանում ընթացավ ակտիվ օրենսդրական գործընթացներով, քաղաքական լարվածությամբ և հասարակական լայն արձագանքներով։ Տարվա ընթացքում ընդունված օրենքներն ու նախաձեռնությունները զգալի ազդեցություն ունեցան պետական կառավարման, քաղաքացիական հասարակության, մեդիայի, կրթության և սոցիալական ոլորտների վրա։ Միաժամանակ արձանագրվեցին միջազգային կառույցների քննադատական դիրքորոշումներ, պատժամիջոցներ և արտաքին քաղաքական ճնշումներ։